Jump to content

Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացնենք Հայաստանի մեջ իրագործված խոշոր գեղարվեստական մնացորդներ, երբեք չեն ուզում հավատալ Հայաստանի բնիկ ժողովրդին ի հնումն ունեցած տաղանդին և շնորհքներին, անպատճառ օտարի մատն են ուզում տեսնել այդ գեղակերտ աշխատանքի մեջ:

Ես իհարկե, աշխատությանս մեջ այդպիսի հոռետեսների գոյությունը ի նկատի չունեմ՝ ի տես բովանդակ Հայաստանում համատարած գեղակերտ հուշարձանների․ բնականաբար պիտի համոզված լինիմ, որ տեղական ժողովրդի ճնշող մեծամասնությունը հայեր էին, նաև հայեր էին շինարար արհեստավորներ (ինչպես մեր ժամանակին ևս), որոնք ոչ միայն իրենց երկրին մեջ իրագործել են այդ գեղարվեստական հիշատակարանները, այլև գաղթականությամբ տարել են հեռու և մոտ օտար երկրներ։ Այս մասին ոչ միայն հայ, այլև օտար արվեստագետների վկայություններ են, որոնց մասին պիտի խոսենք առաջիկային ի պահանջել հարկին։

***

Ոմանց կարծիքով[1] հայ-ճարտարապետոլթյան ոճը պետք է որ լինի զուտ հունական և կամ բյուզանդական և այս կարծիքին իբրև փաստ կներկայացվեն հայ լեզվի և գրականության հունական և բյուզանդական զորեղ ազդեցության ենթարկված լինելը։

Ինձ հայտնի չէ թե որչափ մեծ ճշմարտություն է այս կարծիքը հայ լեզվի ու գրականության համար, սակայն հայ ճարտարապետության համար միանգամայն անընդունելի տրամաբանություն է, կապելով լեզվի ու գրականության հետ ինքնուրույնութենեն զուրկ համարելը։

Հայ ճարտարապետությունը գրեթե ամենևին չէ ուսումնասիրված, ճշմարիտ է որ հիսունե ավելի եվրոպացի գիտնական ճանապարհորդներ շրջած են Հայաստանը, որոնցմե շատերն իրենց հիացման տպավորությունները բանաստեղծական ներբողներով են արտահայտած, սակայն շատ քչերն են, որ քանի մը տող քննադատորեն գրած են հայոց ոճերու մասին։ Եվրոպացի գիտնականը պարտական ալ չէր զուտ հայ գեղարվեստի նվիրելու իր ժամանակը, քանի որ նա ուներ յուր առանձին գործն ու նպատակը յուր ուղևորության ժամանակ։ Այդ մեր գործը պիտի լիներ, իբրև ուսումնասիրության համար պատրաստ նյութ գիտնոց սեղանին վրա դնել այն անհուն ու անսպառ նյութերը, որոնք ցրված են Հայաստանի ամեն կողմը։

Կարծողներ կան, որ շատ բան եղած է արդեն թե օտարներու և թե հայ բանասերների կողմանե, հավաքված են նկարներ, գրված են նկարագրություններ, բայց ցավ ի սիրտ ես պիտի ըսեմ, որ այդ ամենը ոչ մի արժեք չունին, քանի որ հատկապես ծրագրված գիտական ուղղությամբ չեն կատարված և ոչ մի գիտնական անոնցմե չէ կարող նպատակահարմար արդյունք արտագրել գլխավորաբար այն պարզ պատճառով, որ եղած նկարները և նկարագրությունները մեծ մասամբ անհարազատ և սխալ են։ Մեծահարգ գիտնական պր. Ն. Մառ Անիի պեղումների ժամանակ հուսահատ շեշտով մը հաճախ կկրկներ թե «Անիի մասին առաջ բավական բան գիտեինք, այժմ ոչինչ չգիտենք», վասն զի օր ըստ օրե կտեսներ, որ գրվածներու նման ոչինչ չկար, նորագույն հետազոտություններ և պեղումներ բոլորովին տարբեր և նոր բաներ երևան կբերեին։

Բնական էր, որ մենք չէինք կարող Հայաստանի մեջ ունենալ եգիպտական բուրգեր, հունական ակրոբոլներ, բյուզանդական ս․ սոփիաներ, սակայն ինչ որ կարելի էր սպասել դարուց ի դարս արյան ճապաղիքներու մեջ լողացող և իր աշխարհագրական աննպաստ դիրքի պատճառով ոտնատակ կոխկրտվելու դատապարտվող նահատակ ափ մը ժողովուրդե, անկից բազմապատիկ ավելի ունինք։

Գեղարվեստի բացարձակ թշնամի մրրիկ մը քրիստոնեական նախնական դարերուն, ինչպես արևմուտքի մեջ, նույնպես արևելքի մեջ, եթե ամեն բան քարուքանդ չըներ, այսօր Հայաստանը պիտի ունենար ոչ միայն Գ և Դ դարերեն սկսյալ գեղարվեստական հիշատակարաններ, այլ և նախաքրիստոնեական շրջանի ևս հայկական բարձրագույն քաղաքակրթության ապացույցներ։

Բայց ինչ որ ալ լինի այդ ավերման հետևանքը, անվիճելի ճշմարտություն է, որ առաջին դարուն (Ք․ա․) Հռոմի մեջ, հռոմեական արվեստի գերեզմանին վրա, իբրև վերջին կոթող Պանթեոնը կանգնվելեն հետո, երբ անընդհատ Գ-Ե դար գեղարվեստական կյանքը բոլորովին մեռած էր, երբ դեռ Բյուզանդիոնի աշխարհահռչակ Սոփիան իր երկնակամար ոսկեզօծ գմբեթը դեպի երկինք չէր բարձրացուցած Զ դարուն մեջ, Հայաստանի գեղարվեստի կանթեղը մշտավառ կպլպլար, և սահմանված էր օր մը արևմուտքի մարած ջահերուն ալ լույս մատակարարելու։

Գառնիի մեջ Ա դարու սկզբին շինված Տրդատա թախտ անվանված աննման կոթողը, եթե Հռոմի ծաղկյալ դարերուն Հռոմի մեջ կանգնեին՝ անկեց ավելի վայելչություն և շքեղություն չէին կարող տալ։ Ե դարուն մեջ կանգնված հայկական եկեղեցիներ՝ որոնց գլխավորներն են Տեկորի և Երերույքի տաճարներր, իրենց վրա պայծառ կցոլացնեն հայ ճարտարապետության դարավոր մշակման և զարգացման դրոշմը։ Եթե մի Տեքսիե չգտնվեր ԺԹ դարու սկզբին՝ Տեկորի տաճարը հետազոտող, գուցե հավիտյան պիտի սրբագործվեր պայտաձև կամարներու արաբական ստեղծագործություն լինելուն ընդհանուր համոզումը, վասն զի Տեկորի տաճարը արդեն օրհասական վիճակի մեջ է, և ահա վաղը, ոչ միայն Ե դարու պայտաձև կամարներ՝ այլ ևս հայ ինքնուրույն ճաշակի ապացույց հիանալի խոյակներ, խարիսխներ և ուրիշ զարդաքանդակներ ընդմիշտ պիտի թաղե յուր փլատակներուն տակ։

Եթե Արտաշատ, Վադարշապատ, Արմավիր, Դվին և ուրիշ մեծամեծ մայրաքաղաքներ անհետ կորան, բարեբախտաբար, հայ գեղարվեստը փառաբանող Անին դեռ կենդանի է յուր պատկառելի հիշատակարաններով ու ճոխաքանդակ բեկորներով։

Անին շտեմարան է հին դարերու հայկական գեղարվեսաի ոճերուն և բանալին իրմե առաջ կորած գիտությանց և պատմությանց առեղծվածները լուծելու։ Անեցիք չեն արհամարհած իրենց պապենական արվեստները, այլ հետզհետե նույնը զարգացուցեր և ճոխացուցեր

  1. Այս հատվածը քաղել ենք «Գեղունիի» 1909 թվական թ․ 6-ի մեջ տպագրված «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» հոդվածից։