Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառն այն էր, որ քրիստոնեությունը գալիս էր Հայաստան արևմուտքից և հարավից, ուր միահամուռ ենթարկված էին մարդիկ քրիստոնեական ամբոխային կրոնքին։ Հայաստան ընդհանրապես ոչ միայն չհավերժացուց արևմտյան քրիստոնեից ընդունած բազիլիկ ձևը, այլև չմտցրեց դավանության պահանջած այն մանրամասնությունները, որոնք կրոնական ֆանատիկոսության հետ էին կապված։ Որչափ ժամանակ որ հայոց քրիստոնեությունը անկախ մնա օտարներից, այնքան ժամանակ մենք չենք գտնում հայոց եկեղեցիների մեջ հեթանոսական գավիթ, ողբացողաց կայան, կանանց բաժին և այլ հարամասունքներ։ Նույնիսկ այն ժամանակները, որ կարծվում էր, թե հայերը վերին աստիճան եկեղեցասեր են եղած, պատմագրական ավանդություններ ցույց են տալիս, որ այդ մոլեռանդությունը կղերականների մեջ էր և հոգվո փրկության և հավիտենական կյանքի հեռանկարներ ցույց տալով հպատակեցնում էին ժողովուրդին։ Այս մասին եթե ուզենք տեսնել օրինակներ, բազմաթիվ են հայ մատենագրությանց մեջ՝ սկսած 5-րդ դարուց մինչև վերջին ժամանակներս։ Մեր միակ դյուցազներգակ և բանաստեղծ Եղիշեն իր միանձանց ճառին մեջ, ողբագին ցավ է հայտնում, որ հայ մեծամեծներ, նայելով իրենց աշխարհիկ կյանքին, տեղ պիտի չունենան երկնքում։ Մի հոգեբանական պերճախոս օրինակ է 10-11-րդ դարերու քրիստոնեական ամբոխի նկատմամբ, Պլուզ Հովհաննես վարդապետի ավանդությունը։ Այս ավանդությունը գալիս է մեզ ապացուցանելու որ հայ ժողովուրդը միշտ էլ այն մոլեռանդ ավելորդապաշտությունները չէ ունեցեր, ինչպես որ կարծում ենք մենք և կղերն այնպես չէ աստվածացուցեր ինչպես ժամանակակից արևմտյան քրիստոնյաները։ Ամենայն հավանականությամբ այս անտարբեր վերաբերմունքից է բխում կղերական մատենագիրների այն ողբերգակոն ցավերը, որոնք աշխարհային բոլոր դժբախտություններ, բնության արհավիրքներ, պատերազմներ և այլն և այլն վերագրում էին ժողովրդի դեպի կրոնը և հոգեվորականությունն ունեցած անտարբեր և թույլ վերաբերմունքին։ (Ավելացնել կղերների դարավոր պայքարը թագավորների և իշխանների հետ՝ տիրապետելու ձգտումով), 1031 (?) թվականի ահեղ երկրաշարժի ժամանակ Հովհաննես Կոզերն մեծ վարդապետը գրեթե նույն պատճառներին էր վերագրում բնական այս սոսկալի պատուհասը։ Թերևս հարցվի, թե այդքան մակերևույթին հավատ ունեցող ժողովուրդը ինչու համար շինում էր անօրինակ վայելչությամբ մեծամեծ տաճարներ։ Դրա պատճառը հավատից ավելի փառասիրությունն էր, երբ ի նկատի ունենանք, որ մինչև 15-րդ դար ոչ մի ժողովրդական եկեղեցի չունինք, բոլոր եկեղեցիների շինությունները կապված են թագավորների, բարձրաստիճան նախարարների և այլ իշխանների հետ, որոնց փառասիրությունը պահանջում էր ոչ միայն բնիկ Հայաստանի ժողովրդին կողմեն հարգանք ու պատկառանք վայելել, այլև միջազգային եկեղեցաշինության մրցումներից ետ չմնալ, որ նույն ժամանակներում բյուզանդական սահմաններով սունկի նման բուսնում էին տաճարներ ժամանակի ոգու պահանջմամբ։ Մասնավորապես Հայաստանի համար անհաստատ անկախության մեջ եկեղեցին էր մի ամուր շրջանակ ժողովրդին պահելու համար, և հոգևորական դասն էր ընդհանրապես հայոց ազգի և պետությունների միջև միջնորդի դեր կատարողը։ Պետական իշխանությունները երբեմն քայքայվում էին, սակայն ժողովրդի ամբողջությունը պահպանվում էր եկեղեցվո շուրջը հավաքված։ Իրաց այս վիճակին մեջ դժվար է հին հայերին մեղադրել կրոնական մոլեռանդության մեջ, սակայն ինչ որ առավելապես գնահատելի է, արվեստասեր և գեղարվեստասեր ժողովրդի համար այն է, որ ընդհանուր գեղարվեստը զարգացնելու մեծ ասպարեզներից մեկն էր կրոնական կոթողը, որ 5-րդ դարեն մինչև 15-րդ դար չափազանց շքեղ և հետզհետե վերածնվող ոճերով կանգնվեցին և այսօր մեծ պատիվ են բերում ստեղծագործող ժողովրդին: Համաշխարհային գեղարվեստի պատմության մեջ Եվրոպայում իրագործված միջնադարյան մի քանի չնաշխարհիկ ոճերի ծննդավայրը Հայաստանն է համարվում վճռականապես։ Միայն եկեղեցիները չեն, որ հայ ժողովրդի գեղարվեստասիրական ճաշակն էր ապացուցանում. շիրիմներ և դամբարաններ ևս, ինչպես ուրիշ ամեն ազգաց մեջ, նույնպես հայոց մեջ, մեծամեծ շքեղությամբ են կանգնված՝ սկսած ամենահին դարերից մինչև մեզ մոտիկ վերջին դարերը։ Դժբախտաբար այս վերջիններն իբր ոչ բոլորովին կրոնական շինություն, ավելի են ավերվել քան եկեղեցիները, առհասարակ փլատակները և շենքերի գեղարվեստական բեկորները միայն մնացած են տեղերի վրա։ Աշխարհիկ շինությունների կորուստը կամ ավերումը թույլ չի տա լիովին ապացուցանելոու նույն շքեղությունները, այնուամենայնիվ կան փաստեր այդ մասին։

Շատերի համոզումն է եղած այսօր, որ հայերը Հայաստանում միմիայն եկեղեցիներ են շինած, քաղաքակրթական ուրիշ ասպարեզներում բնավ չեն առաջ գնացել բացի ճարտարապետականից։ Այս թյուր կարծիքն առաջ է գալիս գլխավորաբար գուցե այն պատճառով, որ այսօր մեծ մասամբ եկեղեցիների ավերակներ են մնացել կանգուն անցյալի իբրև վկաներ։ Նախ՝ պետք է լավ իմանալ, որ առանց քաղաքակրթական ընդհանուր զարգացման ճարտարապետությունը երբեք չէր կարող առաջադիմել Հայաստանի մեջ, իսկ ճարտարապետության և գեղարվեստի զարգացման չափն իմանալու համար, խորհուրդ եմ տալիս դիմել եվրոպացի գիտնական ճանապարհորդների գրած այն հարյուրավոր հատորներին, որոնք ամբողջապես կամ մասնակի կերպով հետազոտած, ուսումնասիրած են և առանձին հիացումով են խոսում Հայաստանի ժողովրդի կենսունակության շրջապատում ծաղկող գեղարվեստներից օգտվելու ընդունակության և ստեղծագործական տաղանդի մասին։ Այնուամենայնիվ, եթե Հայաստանում բացի եկեղեցիներից, ուրիշ շենքեր չեն տեսնում, այդ չի նշանակում զուտ ճշմարտություն լինելը, բնականաբար չեն տեսած ուրիշ բազմաթիվ աշխարհիկ կուլտուրական մնացորդներ։

Բովանդակ աշխարհի ճարտարապետության պատմությունը եթե թղթատենք, կգտնենք միմիայն եկեղեցիներ, որոնց վրա հիմնված, գիտնականներ իրենց ուսումնասիրություններն ու եզրակացությունները հանում են զանազան երկրների ճարտարապետության զարգացման մասին։ Արևմուտքում միայն հռոմեական