Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և մասամբ բյուզանդական կայսրությունն է, որ թողել են աշխարհիկ կամ քաղաքային շինություններ, որոնց ավերակները միայն կան գիտնական խուզարկուներու առջև։ Կրոնական շինություններ միայն պահված լինելու մասին, ենթադրություններ անել կամ կարծիք հայտնել առայժմ տեղը չէ, յուրաքանչյուր ժամանակակից պատմաբան կարող է գոհացում տալ այդ առեղծվածային կարծված հարցին, սակայն ես առայժմ խոսքս մասնավորեցնելով Հայաստանի վրա, հաստատապես կարող եմ ասել, որ այնքան կուլտուրական և քաղաքային շինություններ են շինված Հայաստանում, որ եթե բոլորին հավաքենք գուցե ավելի մեծ թիվ կազմեն քան եկեղեցիները։ Իմ մոտավորապես 20 տարվան հետախուզություններս ինձ տվել են բազմաթիվ նյութեր, որոնք մինչև այսօր հնար չէ եղել հրատարակել, սակայն ավելորդ չեմ համարում այստեղ դնել մի քանի կարևոր նմուշներ, որոնք կարծեմ բավական կլինին ապացուցանելու, թե հայեր դարերով ինքնուրույն պետություն կազմելու մեջ, զուրկ չէին պետականության արժանավորություններից (Գր. Մամիկոնյանի պալատը Արուճում, Սահմատինի պալատը Մրենում, Սահմատինի պալատը Անիում)։

* * *

Նախաքրիստոնեական 2-րդ դարուն, հունահռոմեական երկիրների նման, թատրոնները գոյություն ունեցեր են Հայաստանի մեջ, որուն մասին վկայում են օտարազգի պատմագիրներ։ Հայոց արքունիքները (մասնավորապես Մեծն Տիգրանի ժամանակ) ոչ միայն պահանջ էր զգում թատրոններ շինելու, այլև նրա հաջորդ Արտավազդը գրում էր նաև պիեսներ թատրոնների մեջ ներկայացնելու համար։ Թե որչափ խրախուսում էին գիտությունն ու արվեստները թող ամեն մի հետաքրքրվող դիմե պատմագրությանը, իմ նյութիս սահմանը շատ նեղ է այդ հարցերով զբաղվելու համար։ Իսկ քրիստոնեական թվականի սկզբնավորությունից հետո մինչև 15-16-րդ դարեր, մեզ խիստ շատ նմուշներ են մնացեր այդ ժողովրդական և կուլտուրական հիմնարկություններեն կամ հուշարձաններեն բացառապես ենթարկված միմիայն հայկական ոճին, որոնց գլխավորներն են հետևյալ հուշարձանները։

Թովմա Արծրունին, 10-րդ դարում, Վասպուրականի սահմաններում այնպիսի բազմակողմանի շինարարական աշխատանքներ է նկարագրում, որոնց շինելակերպերին և ճաշակի մասին այսօրվան գեղարվեստագետներին և շինարարական մասնագետներին իսկ հիացում է պատճառում։ Իմ հոդվածիս սահմանը շատ նեղ է այդ բոլորը մի առ մի գրել, սակայն այդ շինարարական աշխատանքներից ամենից ուշագրավը և կարևորը կուզեմ այստեղ հիշատակել։ Գագիկ Ա. ուզելով ծովի մեջ մի խաղաղ նավահանգիստ շինել, չորս ձիարշավ երկարությամբ (ավելի քան երկու կմ.) ծովը լեցուցեր է մեծամեծ ժայռերով և վրաները շինել է հաստատուն պարիսպներ նավահանգիստը շրջապատող։ Այս պարիսպները այժմ ևս երևում են ջրի մեջ, որովհետև վերևի մասերը փլել են, նաև ջրի մակարդակը բարձրացել է դարերի ընթացքում և պարիսպի ստորին մասերը մնացել են ջրի մեջ։ Թովմայի՝ այս նավահանգստի շինության մասին, չափազանց ուշագրավ է նկարագրությունը։ Այնպես մանրամասնությամբ և ճշգրիտ նկարագրում է քարերի տեղափոխումը, ծովի մեջ հոսեցման եղանակները և այլ մանրամասնություններ, որ այսօրվան միևնույն նպատակով աշխատանքներից ոչ մի տարբերություն չի երևում, միայն եթե կա մի տարբերություն, որ մեզ հայտնի չէ, այն ժամանակվան ջրի մեջ քարեր ամրացնելու համար գործածված կրաշաղախի տեսակը և բնույթն է։ Այս մասին ոչ ոք հետամուտ չէ եղեր, կարդացել են նկարագրությունը, նկատել են նավահանգստի պատերը ջրի տակ և այդքանով բավականացել են։ Վասպուրականի մասին այսքանը հայտնելուց հետո ես կանցնեմ Շիրակ գավառին, որը ես անձամբ շրջեր և ամեն մի մնացորդ տեղի վրա տեսել ու արձանագրել եմ։

Նկ․ 9. Անիի կամուրջի ավերակներն Ախուրյանի գետի վրա

Ախուրյան գետը որ ամբողջությամբ Շիրակի թագավորության է պատկանում, բնակչության հարաբերությանց դյուրության համար այդ գետին վրա, սկսած Մարմաշենից մինչև Արաքսի խառնուրդը շինել են ինը հսկայական միակամար կամուրջներ, որոնց կամարները 23 մետրից մինչև 30 մետր բացվածք ունին, կամուրջների կաոուցվածքը եղել է սրբատաշ քարերով և այնպիսի շինարարական մաքրությամբ, որ այսօրվան