Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինակը, միջնադարյան հայ արվեստի մի ճյուղը, այսինքն հայկական մանվածոները մոտից ուսումնասիրելու համար, երկու անգամ այցելել է Հայաստան, շրջել է հուշարձանների մի մասը՝ ուր կային հեղինակին հետաքրքրող նյութեր։

Հեղինակի համար խիստ դժվարին և երկար ժամանակի կարոտ պիտի լիներ այս լուրջ ուսումնասիրությունը գլուխ բերելը, եթե Հայաստանի կառավարությունը, և մասնավորապես Լուսավորության Ժողովրդական Կոմիսարիատը, ըստ ամենայնի չդյուրացնեին հեղինակի ճանապարհորդությունները, տալով ամեն տեսակի հանձնարարություններ, փոխադրական միջոցներ, և այլն և այլն, որով, հեշտությամբ կարողացավ իր նպատակին հասնել։ Ուստի առ այս՝ իր գրքի առաջաբանին մեջ պարտք համարեց հրապարակավ անհուն շնորհակալություններ հայտնել Հայաստանում գտած թե պետական աջակցությունների համար և թե մասնագետների տված խորհուրդների և օգնությունների համար։

Գրքի աոաջաբանը գրել է Սորբոնի համալսարանի բազմահմուտ պրոֆեսոր Ֆոսեյյոնը, (Henri Focillon.) որ մի հակիրճ, բայց հմտալից տեսություն է կատարել հայոց հին պատմության մասին, խտացնելով նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր թվականի քաղաքական անցքերը, որուն մեջ ցույց է տալիս ընդհանրապես Հայաստանի քաղաքական և շինարարական զարգացման աստիճանները, որում պարբերաբար, ըստ ընդհանուր բարեկարգության և տնտեսական բարեկեցիկ վիճակի, ստեղծել են ճարտարապետական և գեղարվեստական ոճեր, թե՛ արտաքին և ներքին փոխադարձ ազդեցություններով և թե՛ ստեղծագործություններով։

Ընդունելով, որ, համեմատական ուսումնասիրությամբ կբնորոշվի յուրաքանչյուր ոճի կամ ձևի բնագավառը կամ գաղթավայրը, այնուամենայնիվ, նույն կերպով մանրազնին քննության ենթարկելով կորոշվի նաև տեղական ստեղծագործությունները։ Հայաստանը թեև խոշոր ազդեցություններ կրած է շրջակա մեծ ազգերի ճարտարապետությունից, սակայն անվիճելի է դառնում այժմ նաև ինքնուրույն ստեղծագործությունները։ Քանի խորանում են գիտնական արվեստագետներ պատմական հայ ճարտարապետության ուսումնասիրության մեջ, այնքան մեծ նյութ են գտնում ուսումնասիրելու թե՛ օտարամուտ ոճերը, և թե՛ տեղական ստեղծագործությունները։

Վերջին անգամ, որ հայ ճարտարապետության մասին խոր ուսումնասիրություն կատարել է Հ. Սսրժիգովսկին և տվել է առատ նյութ հայ ճարտարապետության հուշարձաններից, անշուշտ պրոֆեսոր Ֆոսեյյոն համամիտ Uտրժիգովսկիի, կրկնում է անոր Հայաստանի ճարտարապետության մասին կարծիքը։ Թե՝ «երկար ժամանակ բյուզանդական գավառական ճարտարարվեստ համարվելուց հետո, հետզհետե հանգեցին այն համոզման, որ Հայաստանը, ճարտարարվեստի էական տարրերի եթե ոչ տարածողը, գոնե յուրատեսակ մի օջախ է, որ օժտված է մեծ զորությամբ տարածելու։ Հայկական ճարտարարվեստի կառուցողներին մենք հանդիպում ենք ոչ միայն Պոլսում, ավելի հին ժամանակներում, այլ և հետագա շրջանում Դնեստրի և Սիրեթի երկիրներում» (առաջաբան, էջ 7)։

Գիտնականներից ընդունված ճշտություն է, որ գիտություն և արվեստներ երկրե երկիր փոխանցվում են առևտրական հարաբերություններով, գաղթականություններով և պատերազմներով։ Հետևաբար բնավ տարօրինակ չէ, որ Հայաստանի մեջ ճարտարապետություն և գեղարվեստ զարմանալի կերպով զարգացել են, քանի որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, վերոհիշյալ երեք տեսակ երևույթների թատերաբեմը եղած է ընդմիշտ։

Գրքի առաջաբանի հեղինակն ասում է․ «Հեղինակ ռոմանական ճարտարարվեստի մի մասնագետ է, որ հարուստ հողի վրա շարունակելու է իր հետազոտումները և գործադրելու իր մեթոդները»։ Հետազոտություններ և բաղդատություններ անելու պահուն, հեղինակը կարծում է, որ, անոր (հայ ճարտարապետության) ամենափայլուն ծաղկման շրջանը գրեթե զուգադիպում է ռոմանական կուլտուրայի ծաղկման հետ (էջ VII)։

Հեղինակը, իր տեսած սահմանափակ հուշարձաններով, բնական էր, որ այս տեսակ մի կարծիք ունենար։ Սակայն, եթե նա հնարավորություն ունենար տեսնելու 5-րդ դարեն մինչև 7-րդ դարու վերջը կանգնած մեծ ու հոյակապ հուշարձանները, անպայման պիտի համոզված լիներ, որ հայ ճարտարապետության գլխավոր օրրանը Արևելքն էր․ տեղական ճաշակի և շինանյութերի ինքնուրույն հատկությանց համեմատ, յուր արևելքից առած դասերը անհունապես զարգացուց նույնիսկ հին աղբյուրները անճանաչելի դառնալու չափ։ Այս ամենը կատարված էր դեռ այն ժամանակ, երբ ռոմանական ճարտարապետություն գոյություն չուներ և առնվազն ավելի քան երեք հարյուր տարի անցնել էր հարկավ, որ ռոմանական արվեստը ծրագրվեր։

Հիրավի, եղել է ժամանակ, որ արևմուտքը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի քաղաքակրթության վրա, նախաքրիստոնեական շրջանում, մասնավորապես Արշակունիների ժամանակ, բայց այդ ազդեցությունը մեզ տալիս են հայ և օտար պատմագիրներ, ոչ թե կանգուն կամ կիսականգուն հուշարձանական վավերական վկայություններ։

Քրիստոնեական առաջին դարուց մինչև երրորդ դար, մենք ոչ մի հուշարձան չունինք, բացի Գառնիի մեջ Տրդատ առաջինի կանգնած հովանոցեն, որպեսզի մենք հիմնավորենք պատմագրաց տված տեղեկությունները նաև ճարտարապետական տեսակետով։ Մաքուր հռոմեական ոճով կանգնված Տրդատա հովանոցը իր շքեղ գեղարվեստական ոճով, բնավ ազդեցություն չէ ունեցեր Հայաստանի շինարարության և ճարտարապետական ոճին վրա և ինքը մենակ մնացել է Հայաստանի սրտին վրա, մինչդեռ անվիճելի կերպով 5-րդ դարուն նույնիսկ Գառնիի մեջ կառուցված մեծ կաթողիկեն, որը այժմ կիսավեր վիճակի մեջ է, բնավ չունի արևմտյան հատկանիշ։ Երկու կամ երեք հին հուշարձանների մեջ, թեև երևում են մի քան արևմտյան գծեր, ինչպես Էջմիածին, Տեկոր, Շիրվանճուք, բայց ընդհանրապես անոնց կառուցումը և ճաշակը միշտ արևելքն է հիշեցնում։ Արևմտյան ճարտարապետության մի քանի մասնավոր ձևեր, որոնք հետագային ևս պարբերաբար երևում են Հայաստանի հուշարձանների վրա,