Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև 11-12-րդ դար, հաստատապես մեզ ենթադրել են տալիս, որ ազդեցությունը եղած է Սիրիայի ճանապարհով, որովհետև 5-րդ դարուն կանգնված Բաշ Ապարանի և ուրիշ ժամանակակից շենքերը զուտ սիրիական զարդաքանդակներով զարդարված են։ Իսկ 7-րդ դարուն կանգնված Զվարթնոց հոյակապ տաճարը, հռովմեականից շատ ավելի սիրիական ոճի և ճաշակի հատկանիշներ ունի։ Այնուհետև մինչև 12-րդ դար, թե՛ Անիում և թե՛ Հայաստանի ուրիշ մասերում, հունա-հռոմեական աննշան մանրամասնություններ երևում են դռների և այլ զարդաքանդակների մեջ պատշաճեցուցված։

«Երբ 429 թ. Սասանյանները տապալեցին Արշակունիների բոլոր մնացորդները Հայաստանում, անոնք իրենց հետ բերին ոչ միայն քաղաքական սիստեմ, այլ նաև տարբեր կրոնական հաստատություններ և իրենց դինաստիական դոգմատիկական ֆանատիկոսությունը» (էջ IX)։ Այսպես է բնորոշում առաջաբանի հեղինակը նույն դարերուն Հայաստանի քաղաքական կացությունը։ Ես չեմ կարող որևէ առարկություն անել այս կարծիքին դեմ, սասանյանների ժամանակ Հայաստանի քաղաքական կացության մասին, այդ կարող պատմաբանների լուծելու խնդիրն է, սակայն միայն մի բան ինձ չափազանց հետաքրքրել է, այն է, գտնել Հայաստանում սասանյան կրոնական տիպի հաստատությունների մնացորդներ, բայց այդ տեսակ հետքեր գտնել ոչ միայն ինձ համար անհնար է եղել, այլև մի քանի խուզարկու մարդկանց ենթադրությունները ևս միանգամայն անհիմն են։ Պարզապես երևում է, որ սասանական կրոնը Հայաստանի մեջ ընդհանուր տիրապետող չէ եղած, հետևողներ խիստ սահմանափակ եղել են առանց կրոնական նշանակելի հաստատություննրեի։

Գալով Բալդրուշայտիսի աշխատության, արվեստագիտական չափազանց լուրջ հրատարակություն է։ Նա ցույց է տալիս, ոչ միայն ռոմանական արվեստի մեջ իր կատարյալ հմտությունը, այլև հայկական ճարտարապետության մեջ իր ընտրած ճյուղի, մանվածոների ուսումնասիրությունը կատարում է ամենայն բարեխղճությամբ։ Քննության է ենթարկում բոլոր ձևերը, անոնց հյուսվածքների եղանակը, բազմազանությունը և միանգամայն բարդ ձևերը, որոնց տարրալուծելով, պարզելով ցույց է տալիս ընթերցողին քանդակող արվեստագետներին չափագրական հմտությունը և քանդակելու մեջ ունեցած ճարտարությունը։

Հեղինակը, ինչպես ասացինք, ուսումնասիրության նյութ ընտրել է հայ-վրացական մանվածո քանդակները և հարթաքանդակ պատկերադրոշմները, որոնք առհասարակ գտնվում են հուշարձանների պատերի վրա փորագրված։ Ես այստեղ չպիտի զբաղվիմ ամբողջ գրքի բովանդակությունով, այլ պիտի զբաղվիմ Հայաստանի մանվածոների մասին գրվածներով, որոնք հաճախ իր խոսքերով պիտի ներկայացնեմ ընթերցողին և պիտի գրեմ իմ դիտողությունները, եթե կարիք լինի դիտողության։

Շատ քիչ է զբաղվում մանվածոների պատմականով, այնուամենայնիվ հետաքրքրական են տված տեղեկությունները և իր տպավորությունը հնագույն արվեստի մի ճյուղի մասին, որին սահմանն է գծում արևելքում Սև ծովից մինչև Կասպից ծով տարածված երկիրները, այսինքն բովանդակ Անդրկովկասը։

«Մանվածոները ամենահին ձևերի խումբին կպատկանին, որը մարդիկ գործածել են իրեղեններ և հուշարձաններ զարդարելու համար։ Ոչ ոք չպետք է համարի որպես բարբարոսական ոգու արդյունք կամ որպես Ասիայի հատուկ մի տարր։ Իր տարածված երկիրները ևս կթվի ընդարձակ ինչպես իր հնագույն ծագումը։ Միջին դարու բոլոր նախնական ժամանակներում, հետո ռոմանական շրջանում, և արևելքի մեջ ևս զարդաքանդակների այս արվեստը, երկար ժամանակ շատ սիրելի թեմա եղած է»։

«Արևմտյան Ասիան, քրիստոնեական հուշարձանների զարդաքանդակների մեջ, արտակարգ կարևորություն տվավ մանվածոներին, մասնավորապես Հայաստանի և Վրաստանի մեջ»։

«Անօգուտ չէ ստորագծել, որ քրիստոնեական թվականներին, մեր տեսած նույն երկիրներին մեջ, շատ հին ժամանակներում այսօրինակ մի զարգացման ոճ գործածել էին քաղդեացի և հիթիթ քանդակագործներ և կարելի է նույնիսկ ավելի հին ժամանակներում ևս։ Մեր ծրագրի մեջ չի մտնում պատմական հաջորդության մի կապ փնտռել և հաստատել այս սիստեմաների մեջ, որ կրնան տեսականապես վերլուծվել մի միության և կգտնվին նաև իրենց բաղկացության մեջ ավելի հին ձևերը, որոնք այժմ խիստ հեղաշրջված են»։

«Մանվածոների թիվը, բազմազանությունը և երկարատև գործածությունը, ի սկզբան միօրինակության տպավորությունը կթողուն։ Այս օձապտույտ հանգույցներով համատարած հյուսվածանկար քարերը, առաջին հայացքով միմյանց նման են և ստեղծագործելու անընդունակ մի ժողովուրդից ստրկաբար դրոշմված, բայց ավելի մոտիկից տարրալուծելով, պիտի տեսնենք, որ կազմական ոճը չափազանց բարդ է և այս այլազան զուգախառնումները, մեծ ճշտությամբ մեկը մյուսից կբխեն, որ ունին իրենց մեջ չափագիտական մի բան։ Բառին բուն իմաստով, զարդական ձևերն անկե կանջատվին այնպիսի պայմանների մեջ, որ կ պարտավորվինք ճշտել, և թերևս պիտի օգնենք ըմբռնելու ոչ միայն այս արվեստի ոգին, այլ և բաղդատական ճանապարհով խուզարկությունները լույս պիտի սփռեն ուրիշ երկիրների քրիստոնեական արվեստների վրա»։

Այս հոյակապ հրատարակությունը մի լուռ մեղադրանք է Հայաստանում ապրող բազմաթիվ ճարտարապետների հասցեին, որոնք բնավ չեն հետաքրքրված իրենց անմիջապես շուրջը համատարած սփռված արվեստագիտական անգնահատելի գանձերով։ Եվ ահա ինչպես ընդմիշտ, այս անգամ դարձյալ գիտական մի մեծ հաստատության կողմից, Եվրոպայից է գալիս մի մասնագետ, Հայաստանի հուշարձանները ուսումնասիրելու համար, նաև կատարելապես լրացնում է հայ արվեստի գեթ մի մասին վրա, նախորդ գիտնական արվեստագետների մակերևութային և թռուցիկ ուսումնասիրությունները։

Հիրավի, զարմանալ միայն կարելի է՝ հեղինակին թե՛ դեպի հուշարձաններն ունեցած արտակարգ սիրույն վրա և թե՛ մանվածոների մաթեմատիկական և չափագիտական ճշգրիտ ձևակերպումները խորապես ուսումնասիրելու, կատարյալ համբերատարությամբ տարրալուծելու մասին։