Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանվածո քանդակները, ինչպես նկատել է գրքի հեղինակը, ուրիշ շատ օրինակների հետ ժառանգել ենք հեռավոր հիթիթներից և Ասորա-Քաղդեայից, սակայն ակներև է, որ այս հին ցեղերի մեզ թողած պարզ և նախնական ժառանգությունը, անօրինակ բազմաբեղուն կատարելության են հասցրել Անդրկովկասի ժողովուրդները և մասնավորապես Հայաստանը, որոնց արտադրությունները համեմատելով նախկին պարզության հետ, կտեսնենք, թե որչափ սիրելի են Հայաստանում այս մանվածոները և մի խորհրդավոր անհրաժեշտություն են համարել այդ ճյուղի զարգացումը։ Դեռ 5-րդ դարեն սկսած, հայ հուշարձանների վրա երևում են մանվածոներ, սակայն ավելի պարզ և թեթև հյուսվածներով։ Ավելի բարդ և գերագույն կատարելության հասած շրջանը 10-րդ դարեն մինչև 12-րդ դարն է, որ միանգամայն հավատարիմ նախկին ավանդություններին ավելի խիտ են հյուսկենները և շատ անգամ սովորական երկու ժապավենի, մինչև երեք ժապավենով հյուսված են: Սկսած 13-րդ դարեն է, որ երևան են գալիս ոստերով և տերևներով խառն մանվածոները և զանազանակերպ հյուսկեններով բազմանկյունի աստղերը, որոնք թեև չունին նախկին շրջանի հյուսվածքի խտությունը, այնուամենայնիվ, չափազանց ճոխացած և ծանրաբեռնված մի երևույթ ունին և հաճախ աններդաշնակ, թե՛ իր ամբողջության մեջ և թե՛ իր շրջապատին հետ։ Անտարակույս այս շրջանի մանվածոների մեջ, հեղինակը համարում է «արաբական հանճարը այս ձևակերպումների մեջ առաջին կարգի մի դեր խաղացած»։ Ինչ որ ալ լինի արաբական ազդեցության խնդիրը, պետք է որ այդ ազդեցությունը համարվի 13-րդ դարեն ոչ շուտ, հավանական է համարվում, որ թաթարների մահմեդականություն ընդունելուց հետո միայն, մանվածոների մեջ այդ էական փոփոխությունը կատարվել է, այդ շրջանը առհասարակ, ոչ միայն մանվածոների, այլ և հայոց ճարտարապետության անկման սկիզբն է համարվում։

Այս գրքին մեջ ցանկալի էր, որ ուսումնասիրված լիներ մանվածոների, գոնե քրիստոնեական շրջանի «հաջորդական կապերը» որով մեզ որոշ չափով հայտնի պիտի լիներ, թե ո՞ր երկիրը նախապես ժառանգել է հիներից մանվածոների ավանդությունը, շարունակ պահել և զարգացրել է, և ո՞ր երկիրները եղած են հետևողներ կամ ազդվողներ։ Մանավանդ երբ նկատվում է, որ որոշ դարաշրջանների մեջ, մանվածոների բնույթը զգալի փոփոխությունների է ենթարկվում. թերևս այդ ուսումնասիրությամբ պիտի պարզվեր նաև արաբական կամ իսլամական ազդեցության ժամանակաշրջանը։

Երևի առաջիկային դարձյալ նույն հեղինակից պիտի սպասենք այդ ուղղությամբ մի ուսումնասիրություն։

Թեև սկզբից մինչև վերջը ժամանակագրական համեմատություն չէ կատարած հեղինակը, այնուամենայնիվ, որոշ երկիրների մեջ, մանվածոների արվեստագիտական աարբերությունը նշանակել է, որ մեզ համար խիստ շահեկան է։ Արդ, այս մասին հեղինակը գրում է՝ «Գալով թեմային Անդրկովկասին մեջ բաժանվելուն, միշտ հավասար և համեմատական չէ, Վրաստանը նվազ խորացած է վերլուծական ոգիով, նոքա հյուսվածքները հաճախ գործածում են շղթայումներով ձևացած և ընծայում են անոր մի ընդարձակ աղյուսակ։ Իրենց բազմանկյունիների ձևակերպումը ավելի սեղմ է, մասերի շղթայումը, մանվածքը և հյուսվածքն ավելի միատարր և ավելի անձկորեն կապված լինելը կհաստատեն»։

«Հայաստանն ընդհակառակը, ամբողջովին տոգորված է վերլուծական ոգով, յուր անթիվ խաչքարերը տարբեր բաղադրյալ հյուսվածքներով կներկայացնեն բոլոր հնարավոր այլազանությունները, այնտեղ շղթայումը խիստ քիչ անգամ կիրարկված է։ Ասոր հակառակը, ընդիրեարս խաչաձևումը, որ կջնջե ձևի միությունը, կստանա մի մասնավոր զարգացում, բազմանկյունիները կատարյալ երկրաչափական են և հյուսվածքը միանգամայն պարզ է, յուրաքանչյուր տարր դյուրահասկանալի, հաշիվների խորությունը այնտեղ խիստ չորության կհասնեն և մարդ կզգա որ, ոճի մի հրամայական պահանջի հատկանիշ կստանա»։

«Միևնույն ոգին երևան կուգա նաև բարձրաքանդակ հորինածի մեջ, սա միօրինակ կանոնավորություն ունի, ձևակերպությունը խույս կուտա այլազանություններից, հաշված է նաև քանդակով ու կարգինով, գծագրության ստվերագծի շուրջը եղող դատարկությունները խորացնելով է, որ դուրս կբերեն ուրվագիծը, հասարակ եղանակ թերահարթ քանդակագործության։ Հատակը կմնա խորության մեջ ծածկված և կտարածվի ստվերավոր մի սփռոցի նման։ Պատկերագրական այս նշանագծերը ճշտորոշված են նաև փողաձև փորվածքներով, որք կընթանան հյուսվածքին զուգընթաց, կկրկնեն յուր գծագրոււթյունը և կուրվագծեն մի ստվերի շողով»։

«Վրաստանի մեջ աստիճանաչափը ավելի ընդլայնված է, փորվածքները ավելի շեշտված, հորինվածքը նվազ մանրամասնությունների մեջ կմտնե։ Մինչ դեռ Հայաստանի մեջ բաղադրությանց աստիճանաչափը շատ ավելի փոքր է, հատակի փորվածքները նվազ շեշտված, ամբողջության մեջ ավելի խտացած, ուրվագծեր ավելի նուրբ են, քանդակագործական դուրի ճարտարարությունը ոսկերչական աշխատանքն են հիշեցնում»։

«Այս կերպով մենք կարողացանք հետևել Անդրկովկասյան մանվածոների շրջփոխությանց մեջ, մի չափաբերական ձգտումի։ Սա փակագրի և չափագրության ճշմարիտ պաշտամունք է, որ անհրաժեշտ է պատշաճապես տալ արևելյան ոճին։ Այսօրինակ հղացված արվեստի մի գործ, խաչի արդյունք չէ, արվեստագետի ճաշակը կամ քմահաճույքը չէ, որ առաջ վարել է գրիչը։ Հանպատրաստից մի հորինված չէ, որ ինքնաբերաբար գտել է ձևերու այս բազմապիսությունը, նա մի գերագույն գիտության տեր արվեստագետի հաշիվն ունի իր բոլոր եղանակների մեջ։ Քանդակագործը մի չափագետ է, և փնտրում է չափագրական կարգով խնդիրների լուծումը և իր հրահանգները դրոշմում է քարի վրա»։

Ես չեմ ավելացնելու իմ կողմից ավելի բացատրություն հայկական մանվածոների մասին և որչափ հմտությամբ և ճարտարապետությամբ քանդակված են անոնք, այս հոդվածին մեջ բավական եմ համարելու հեղինակի տպավորությունները և տեսությունները,