Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նորոգելու։ Նա համարձակ մոտեցավ այդ մեծ ու հանդուգն գործին և հանձն առավ վերաշինել ավելի հաստատուն, քան իր նախորդները։ Անձամբ պատրաստեց բոլոր կաղապարները, անկյուններու չորս առագաստները նորոգեց իր ուզած ձևով, հետո բարձրացուց շուրջանակի ցած թմբուկ մը, որ այն ժամանակ միմիայն Հայաստանի հատուկ ոճ էր, և այս թմբուկին վրա կազմեց 31 մետրեն ավելի տրամագծով կիսագունդը։

Այն օրեն ի վեր անցեր են ինը հարյուրեն ավելի տարիներ, բազմաթիվ երկրաշարժներ և ուրիշ բնական արկածներ Կոստանդնուպոլիսը դղրդեր են, սակայն Տրդատաշեն գմբեթը անսասան կմնա ս. Սոփիայի գլխին:

Ահավասիկ գեղեցիկ փաստ մը պատմական հայ ճարտարապետության հոռետես քննադատներուն համար:

Շիրակի նման փոքրիկ թագավորության մեջ ծներ ու զարգացեր է այնպիսի հայ արվեստագետ մը, որ ոչ միայն մրցակից հանդիսացավ Հուստինիանոսի զույգ ճարտարապետներուն, Անթեմիուսին և Իսիդորին, այլև իր հավիտենական մահարձանը կանգնեց Բյուզանդիոնի ս. Սոփիա եկեղեցվուն վրա,− պատիվ ու պարծանք իր հայրենիքին, իր ցեղին։

Երբ որ գաղթականության բուռն հոսանքներ 5-րդ դարեն սկսյալ Բյուզանդական կայսրության երկիրները կողողեին, արդյոք քանի՞ մեծագործ արվեստագետներ խառնված այդ հոսանքներուն Տրդատի նման սքանչելիքներ կանգնեցին բյուզանդական երկիրներու մեջ, որոնք անհիշատակ կորան և անոնց հանճարի արտադրություններն արձանագրվեցան երկրին և տիրապետող տարրին անունով:

Բայց ի՞նչ հարկ կա ուրիշ փաստեր փնտրելու հնադարյան Հայաստանի բարձրագույն քաղաքակրթության և հայ ժողովրդի ստեղծագործական հանճարի մասին: Այսօրվան ս. Սոփիայի գլխին բազմած ահեղատեսիլ գմբեթը Հայաստանի բազմադարյան քաղաքակրթության պերճախոս պատմությունն է։

Զ. [ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ][1]

Սմբատ Բագրատունու Տիեզերակալ մականվանյալ թագավորը, երբ իր հոր Աշոտ Ողորմածի գահը բարձրացավ 977 թվականին, առաջին գործը եղավ Անի քաղաքն ավելի ընդարձակ պարիսպով մը շրջապատել, այնուհետև գրեթե 8-10 տարի ևս հանգիստ ու դադար չունեցավ իր երկիրն ասպատակող թշնամիներեն մաքրելու համար։

Սմբատի սարսափը հյուսիս և հարավ տարածված ոչ ոք այլևս չհամարձակվեցավ անոր երկրներուն և հարստությանց աչք տնկելու: Դրացի բոլոր թագավորներ ակամա խոնարհած անոր ասպետական քաջության առջև զինքը Շահնշահ և Տիեզերակալ տիտղոսներով պատվեցին։

Երբ ամեն բարիք ու առատություն, խաղաղություն տիրեց Շիրակի մեջ, Սմբատը հիշեց, որ երախտագիտական պարտք մը ևս ունի իրեն սրտին արիություն, բազուկներին ուժ և ձեռնարկներուն հաջողություն տվող աստուծուն, բերդեր, կամուրջներ, ճանապարհներ և շքեղ ապարանքներ մեծ քանակությամբ շիներ էր կարճ ժամանակի մեջ, սակայն անտես ըրեր էր աստվածային փառաց տաճար մը կանգնելու։

Հրամայեց կանչել իրեն մոտ Շիրակի անվանի ճարտարապետներեն մեկուն՝ Տրդատին, և հայտնեց անոր իր մտադրությունը, և ըսավ.

«Զիս ու իմ երկիրս անհուն բարիքներով ողողող Աստծու անվան սրբազան խորան մը կանգնել քեզ վիճակված է, ուստի բոլոր ուժդ հավաքած պետք է այնպիսի տաճար մը կանգնես այս քաղաքին մեջ, որ ոչ միայն իմ նախորդներուս շինածները գերազանցե, այլև մինչև այսօր քու բոլոր շինած շենքերուդ մեջ ամենեն շքեղը լինի։ Արքայական գանձարանս բաց է, մինչև այսօր ձեռք բերած համբավիս փառաց պսակը այդ տաճարով բոլորելու համար, ես վստահ եմ քո հանճարիդ և գեղարվեստական ճաշակիդ, դու պիտի կարողանաս ամեն կերպ գոհացում տալ իմ բաղձանքներուս, ես ալ քու շինած հրաշագեղ տաճարիդ թե իմ թագավորական թագիս և թե քու արվեստագիտական հազվագյուտ տաղանդիդ արժանի վայելչությամբ պիտի զարդարեմ ներսով ու դրսով։ Արդեն Հնդկաստան մարդ ուղարկեցի մինչև ութը բյուր արժողությամբ ջահ մը բերելու համար, որպեսզի որպես արեգակ տաճարիս երկնանման գմբեթեն կախված լուսավորե տաճարիս մեջ աղոթող հավատարիմ ու անձնվեր ժողովուրդս և շուրջը հազարավոր ոսկի և արծաթ կանթեղներ մշտավառ աստղերու պես փողփողեն։ Պատվիրեցի նույնպես քաղաքիս ամենեն արվեստագետ ոսկերիչներուս պատրաստել համակ արծաթաձույլ մարդաչափ խաչ մը, որուն վրա մարգարտին ու ադամանդին, զմրուխտին ու հակինթին շողշողուն լույսը ոսկեզօծե մեր դիմաց վեհափառորեն բազմող ծերունի Արագածի ճակատը և հեռվեն ամբողջ Հայաստանի վրա արթուն աչքերով հսկող վշտակոծ Մասիսի գագաթը, հանելով զիրենք 500 տարվան մշտամորմոք սուքեն։

Անմիջապես պիտի կանչեմ մնացած բոլոր արվեստագետներ, որոնք ևս սկսեն պատրաստել բոլոր այն ոսկեթել բանվածքներ, վարագույրներ և մետաքսեղեն գորգեր, սկսած աստվածաբնակ խորանեն մինչև գավիթի դուռը, դատարկ տեղ չմնա զարդարելու համար։ Իսկ քու վարձատրությունդ, անշուշտ, գիտես որ արքայական վարձատրություն պիտի լինի»։

Տրդատն այս վերջին խոսքը չլսեց անգամ, նա րոպեապես սլացած էր երևակայությամբ անպարագրելի հորիզոնները և սկսեր էր մտքին մեջ ամփոփել մինչև այն ժամանակ ծրագրած հազար ու մեկ հրաշալիքները, որոնց իրագործման ժամանակը հասեր էր: Հանճարը հրաբուխի մը նման սրտին ու մտքին մեջ կբորբոքեր, ու իր ամբողջ էությունը կխանձեր։ Հասեր էր այդ հրաբուխը պայթելու ժամանակը և անոր բոցով լուսավորելու համար հայ գեղարվեստագետի աշխարհը։

Թեև քիչ մը սրտաբեկ էր իր շինելիք տաճարին մեծությունը, քան Կ. Պոլսո ս. Սոփիան մեծ, և Սմբատի գանձը Հուստինիանոսին չափ առատ չլինելուն, սակայն նա որոշել էր այնպիսի բան շինել, որ թեև ծավալով

  1. Թորամանյանը Տրդատ ճարտարապետին ուզեցել է դարձնել գեղարվեստական երկի նյութ, որի սևագրի միայն սկզբի մի երկու թերթերն են պահվել նրա դիվանում: Այստեղ տեղին ենք համարում ներկայացնել մեզ հասած ադդ հատվածը։ Կազմող