Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հունա-հռովմեական շրջաններուն, քաղաքական մեծամեծ անցքերու և մեծագործ մարդկանց հիշատակի հավերժացման համար սովորություն կար առանձնահատուկ հիշատակարաններ կանգնել: Այս հիշատակարաններուն մեջ ամենեն բնորոշներն էին հաղթական կամարները և սյունաձև կոթողները։

Սյուն կոթողներու մեջ, ամենեն նշանավորը 112 թվականին Հռովմի մեջ Տրայանոս կայսեր 44 մետր բարձրությամբ և 3,57 մետր տրամագծով կանգնած սյունը, որուն բունին վրա մագաղաթյա փաթույթին ձևով քանդակված էին իր օրով տեղի ունեցած նշանավոր քաղաքական անցքերը պատկերներու լեզվով։

Ոչ միայն Տրայանոսի հիշատակին կանգնված սյունը և միևնույն նպատակով կանգնվածները, այլև բոլոր հունա-հռովմեական ճարտարապետական ոճի սյուներն առ հասարակ բոլորակ են և կբաղկանան երեք գլխավոր մասերե, 1. խարիսխ, 2. բուն, 3. խոյակ։

Խարիսխներն առանց բացառության բոլորակ են և ճախարակաձև ինչպես ցույց կուտա երազատեսը, իսկ խոյակները որոնք զանազան դարաշրջաններու մեջ թեև տարբեր ձևեր ստացեր են, սակայն անոր վերևի մասը, որ քառակուսի տախտակի մը ձևն ունի, նույնությամբ անփոփոխ պահված է ամեն ոճի մեջ, գրեթե մինչև մեր օրերը և այդ մասին զուտ հայերեն բառն է թակաղաղ (Abaque կամ tailloir):

Ագաթանգեղոս, իրեն ըսելով «Ի քաղաքէ մեծն Հռովմայ և վարժեալ հայրենի արուեստիւ, հռովմայերէն և յունարէն ուսեալ դպրութիւն» անպայման տեսած էր ոչ միայն Տրայանոսի հիշատակին կանգնված հսկա սյունը Հռովմի մեջ, այլ և ուրիշ նմանները շրջակային մեջ:

Արդ, քանի որ թագավորական հրամանով Հռովմեն կանչված էր (Ագաթ., էջ՝ 9) քրիստոնեության և խաչի հաղթանակի մատենագրական հիշատակարանը կազմելու, անշուշտ հիշելով իր ծնած ու սնած երկրի մեջ սովորություն եղած ճարտարապետական հիշատակարանի վեհագույն ձևը− սյուն կոթողը, թերևս ցանկացավ Վաղարշապատի մեջ ալ կանգնված տեսնել Տրայանոսի կոթողին նման սյուն մը, որուն թակաղաղին վրա, փոխանակ Տրայանոսի, Տրդատի կամ ևս առավել ս. Գրիգորի արձանը կանգնած լիներ։

Սակայն ժամանակի ոգին փոխված էր, նորածին քրիստոնեությունը անողոք կերպով կհալածեր այն ամենը, ինչ որ հեթանոսական ճաշակ ու սովորություն կարտահայտեին, հետևաբար նյութապես անկարելի էր իրագործել զուտ քրիստոնեական մեծ հեղաշրջման հիշատակին հեթանոսական ձևով հաղթանակի կոթող կանգնել։ Ուստի երազատեսն իր երևակայած սյան գլխին կկանգնե լուսաշող խաչը, որ հաղթական քրիստոնեության միակ խորհրդանշանն է: Գրիգոր Լուսավորիչ գլխավոր սյունն էր քրիստոնեական հավատի և լուսավորության, որուն բարձրությունն ավելի էր քան ուրիշ սյուներ նույն երազին մեջ տեսնված։

Որովհետև քրիստոնեության հաղթանակի համար, տաժանելի տանջանքներով մարտիրոսանալու մեջ, Գրիգոր մենակ չէր իր ժամանակին, ուստի, երազի հեղինակը երևակայեց ուրիշ երեք սյուներ ևս՝ ի հիշատակ Հռիփսիմեի և իր ընկերներուն, որոնք ոչ նվազ արժանացեր էին հավերժական հիշատակության՝ իբրև զորավիգ քրիստոնեության հաղթանակի և իբրև հավատո սյուներ, որոնց համար Ագաթանգեղոս Գրիգորի բերանով կլըսե. «Ահա սիւնք հաստատուն կանգնեցան ձերում խարխուլ շինուածոյն։ Այս այն սիւնք են, ասէ, որ ունին զբեռն ծանրութեան ձերոյ շինուածոյն փրկութեան. ահա երեք սիւնք և չորրորդ սիւնն կենդանության՝ որ զձեզ առ Աստուած վերացուսցէ… և այլն և այլն» (Ագաթ., էջ 400)։ Գրիգոր թեև քաղաքագիտորեն ինք զինքը բնավ հավատո սյուն չանվաներ, սակայն Հռիփսիմյանց նահատակներու անունով կանգնված մատուռները երբ սյուն կանվանե, շատ պարզ է, որ չորրորդ սյունը ինքն է երազին մեջ առաջինը և ամենաբարձրը։

Այս երազի այլաբանական նկարագրութենեն եթե ուզենք եկեղեցիի մը շինության ճարտարապետական ծրագիր մը հանել, Զվարթնոցեն ավելի կպատշաճի այժմյան Էջմիածնի կաթողիկեին, որովհետև նկարագրությունը չորս աղեղնակապ սյուներու վրա գմբեթավորյալ եկեղեցիի մը պատկերը կուտա, առանց բոլորակի մասին ակնարկ մը ունենալու, բացի սյանց խարիսխներու ճախարակաձևութենեն։ Հետևաբար միանգամայն անտեղի է երազը Զվարթնոցի հետ կապելը։

Ինչպես հաճախ առիթ եմ ունեցեր խոսելու այն մասին, թե հայոց եկեղեցական ճարտարապետական սկզբնական ձևերը ուղղակի ազդված են մեհենական ձևերեն, նույնպես այս երազին մեջ տրված ճարտարապետական ծրագրին մեջ, ես կտեսնիմ դիցապաշտության հեռավոր մի ազդեցությունը, խառնված քրիստոնեական սկզբնական դարերուն, երևան եկող չորս սյուներու վրա, գմբեթավորված եկեղեցիներ կանգնելու սովորության հետ։

Դեռ հռովմեացիներեն առաջ, Հունաստանի մեջ, սովորություն կար, սյունազարդ մեհյաններու յուրաքանչյուր սյունը նվիրել մի առանձին աստվածության, և կառուցված տաճարն այդ բոլոր աստվածություններու անունը կստանար սյուներու թվով։ Հետևաբար հեղինակը երևակայությամբ սլացեր էր դեպի հեթանոսական դարեր և այնտեղ գտնված օրինակներեն ուզեր է օգտվել նորադարձ քրիստոնեության հավատո չորս սյուննրու անվամբ եկեղեցի մը կանգնել՝ չորս սյուներու վրա գմբեթավորված որպես երկնային աստվածային հովանավորության, և չորս սյուներուն յուրաքանչյուրը նվիրված լինեին հավատո չորս սյուներու անվան։

(Քննելի և քննադատորեն մշակելի նյութ հապճեպով գրված)։

Ը. ՀԱՄԱՌՈՏ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Զեկուցում Պետերբուրգի Գիտությանց Կայսերական հարգելի կաճառին)[1]

Թե որչափ հին է հայոց ճարտարապետության ծագումը, ժամանակի թանձր մթության մեջ կորած է։ Նախաքրիստոնեական շրջանի մեջ, հայոց միահեծան կայսրություններու աշխարհակալությանց և զարգացման մասին քանի մը պատմագրաց տված պերճաբան վկայություններ միշտ պիտի մնան իբր առասպելներ,

  1. Գիտությանց ճեմարանի կնիքի թիվը 1417, թվական 17 դեկտ. 1907։