Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽՄԲԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ

Նախապես մենք մտադիր էինք Թ. Թորամանյանի բոլոր գիտական աշխատությունները հրատարակել միայն երկու հատորով, որոնցից մեկը պետք է ընդգրկեր նրա գրական-տեսական ուսումնասիրությունները, իսկ երկրորդը՝ ճարտարապետական չափագրությունների ժողովածուն, հատուկ ալբոմի ձևով։

Այդ մտադրությամբ էլ կազմեցինք հեղինակի աշխատությունների առաջին Ժողովածուն, որը լույս տեսավ 1942 թվին, ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի հրատարակությամբ՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» վերնագրի տակ։ Այդ առաջին Ժողովածուն մենք կազմել էինք այն հաշվով, որպեսզի նրա ընթերցողը համեմատաբար լրիվ գաղափար ստանար հայկական պատմական ճարտարապետության շրջանների մասին, և միևնույն ժամանակ նպատակ ունեինք ժողովածուի մեջ ի մի հավաքել Թորամանյանի կարևոր բոլոր գործերը։

Սակայն առաջին ժողովածուի բացառիկ ջերմ ընդունելիությունը սովետական ընթերցող հասարակության կողմից, ինչպես նաև նրա գիտական արժանիքները թելադրեցին մեզ կազմել մի երկրորդ ժողովածու ևս՝ բոլորովին նոր նյութերի հիման վրա, և դրանով իսկ սպառել բեղմնավոր հեղինակի բոլոր գրավոր գործերը, իսկ չափագրությունների ժողովածուն, որ պահանջում է գրեթե հիմնովին մաքրագծություն, հետագայում հրատարակել իբրև այդ երկու ժողովածուների ալբոմ։

Այդ պատճառով էլ ներկա ժողովածուն ոչ թե անմիջական շարունակությունն է առաջինի, այլ մի ինքնուրույն և անկախ հատոր է, որն իր պարունակած բազմաթիվ նոր նյութերով գալիս է հարստացնելու մեր ճարտարապետության պատմությանը վերաբերող գրականությունը։ Կարևորն այն է, որ այստեղ հրատարակում ենք այն ամբողջ հում նյութը, որի հիման վրա հեղինակը կառուցել է իր գիտական տեսությունները։ Ահա թե ինչու մենք մեծ կարևորություն ենք տալիս ներկա Ժողովածուի մեջ հրատարակվող օրագրերին, զեկուցագրերին և ճամփորդական տեղեկագրերին։

Ինչպես առաջին հատորի մեջ, այնպես էլ այստեղ, թեև հրատարակվում են միանգամայն առանձին և միմյանց հետ չկապվող աշխատություններ, բայց մենք, այնուամենայնիվ, դրանք խմբավորել և որոշ սիստեմի ենք վերածել իրենց բովանդակության համաձայն, ուստի և ժողովածուն ամբողջությամբ բաժանել ենք չորս բաժինների։

Առաջին բաժնում զետեղել ենք այն ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են ճարտարապետության ծագմանը, զարգացմանը և փոխազդեցություններին։