Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրեթե առաջինն է Զվարթնոց եկեղեցին, որը կանգնել տվեց հայոց պատմության մեջ մեծ շինարարի համբավ ունեցող Ներսես 3-րդ կաթողիկոսը։ Հայաստանի հողի վրա այս չնաշխարհիկ հիշատակարանը ոչ միայն շինարարական տեսակետով մեծ տեղ պիտի բռնի արվեստի պատմության մեջ, այլ և գեղարվեստի տեսակետով ևս նշանավոր է թե՛ իր կանգնման և թե՛ հետագա դարերու ճարտարապետության պատմության մեջ։ Իր արտաքին տեսքին մեջ եռահարկ երևույթը գրեթե եզակի է եկեղեցական ճարտարապետության մեջ, որ ակնահաճո լինելուց զատ, շինարարական տեսակետով ևս խիստ մեծածախ և առանձին թռիչքներ են հարկավոր շինության ակներև դժվարություններին հաղթելու համար։

Տարակույս չկա, որ շինարարական տեսակետով այս լուրջ դժվարություններն են պատճառը, որ դարերի ընթացքում հազիվ հետևողներ և իր գործը կրկնողներ ունեցեր է Զվարթնոցի ճարտարապետը։ Առայժմ բովանդակ արվեստի պատմության մեջ նույն ոճը չկրկնվելեն զատ, միայն 10-12 դարերի մեջտեղ Հայաստանում շինվել են նույնօրինակ ճարտարապետությամբ Անիում և Բանայում, եթե չհաշվենք Հովվի եկեղեցին՝ Անիի պարիսպից դուրս, որ թեև փոքր, բայց ունի իր մեջ թե գեղարվեստական և թե շինարարական ամեն արժանավորություններ։

Զվարթնոցի շինարարական օրենքները անշուշտ տեղական են, որովհետև նախքան Զվարթնոց կառուցվող մեծ թվով նշանավոր հուշարձաններ անվիճելի կերպով ցույց կուտան, որ տեղական ժողովուրդը միանգամայն զարգացած էր շինարարական արվեստի մեջ: Իսկ զարդարանքների ոճերից երևում է, որ արտաքին ներգործություններ եղել են հայոց 7-րդ դարու ճարտարապետությամբ կանգնվող Զվարթնոցի գեղարվեստական մասին վրա։ Հունա-հռոմեական և սիրիական ոճերի մասնակի ներգործությունը ակներև է Զվարթնոցի մեջ. անշուշտ ճաշակի այս նորությունը Հայաստան բերողը ինքը Ներսես Շինողն է, որուն կյանքը նախքան կաթուղիկոսանալը, անցել է Կ. Պոլսում և կամ բյուզանդական երկրներում, զինվորականի կարևոր պաշտոնում: Հայտնի բան է, որ ինքը իբրև բարձրագույն կրթություն ստացած մարդ և արևմտյան ճաշակի կատարյալ զարգացումով, երբ կաթուղիկոսական գահը բարձրացավ, ուզեց անպատճառ նաև իր ճաշակի կնիքը դնել հայոց ճարտարապետոթյան վրա, թե որչափ հաջողվեց իրեն այս մտածողությունը, այդ կտեսնենք հետագային իր ամբողջ գործը ուսումնասիրելիս:

Զվարթնոցի շինության առանձին թվական չկա, սակայն, այդ շինությունը, Ներսեսի կաթուղիկոսության գահակալության հետ կապ ունի, ուստի Զվարթնոցի հիմնարկության թվականը ճշտիվ գիտենալու համար, պետք է պարզ լինի Ներսեսի գահակալության թվականը, որը պատմագրական բանասերներ և քննադատներ զանազան թվականներ են մատնանշում՝ 640-642-ը: Բայց ես հավանական տվյալների վրա հենվելով, համարում եմ 644 թվականը և ըստ այնմ հիմնում եմ իմ կարծիքս Զվարթնոցի հիմնարկության և վերջավորության մասին:

Որովհետև հարկ չեմ տեսնում իմ ամբողջ ուսումնասիրությունս մանրամասնաբար կրկնել, ուստի առայժմ իմ տեսությանս և հետազոտությանս խտացած արդյունքները կտամ այստեղ Զվարթնոցի հիմնարկության և վերջավորության մասին։

Եթե 641-ին Ներսես է 3-րդ կաթուղիկոսը եղած էր և ըստ պատմագրաց տեղեկության նախապես զբաղված էր արաբներու կոտորածների պատճառով բազմաթիվ դիակներ դաշտերից, գյուղերից և քաղաքներից հավաքելու և այդ դիակների ամփոփման վայրերի վրա դամբարաններ շինելով, որպիսիքն են Դվինի ս. Սարգիսը և Խոր Վիրապը, ուստի հազիվ թե հիմնարկված լինի Զվարթնոց եկեղեցին 643 թվականին։ Ուրեմն ամենահավանական թվականն է Զվարթնոցի հիմնարկության 644 թվականը։ Եվ որովհետև 651 թվականին Կոստանդ կայսրը Հայաստանը պատժելու համար եկած էր Հայաստան և Ներսես կաթողիկոսի խնդրանոք հաշտվեցավ և մնաց Հայաստաում. այդ միջոցին ըստ Մովսես Կաղանկատվացիի հրավիրվեցավ Զվարթնոցի օծման հանդեսին, որուն ծախքը ևս Կոստանդ կայսրը տված էր յուր հայրագիր Ներսեսին՝ ըստ նույն պատմագրի։ Հետևաբար, քանի որ 651 թվականին եկեղեցին այդչափ շինված էր, որ օծման հանդես կարելի էր կատարել, ուստի մեկ խոսքով վերջացած էր գրեթե եկեղեցու շինությունը, ուրեմն սկսած, իր հիմնարկության 644 թվականից մինչև 651 թվականը, եկեղեցի ի վերջավորությունը տևած է ութը տարի. այսչափ տարին ևս հազիվ բավական է Զվարթնոցի նման մի շենք կանգնեցնելուն։ Թե որչափ գեղարվեստական և հափշտակիչ երևույթ ուներ այս շենքը, կարելի է չափել պատմագրի հետևյալ հայտարարությունից. «Կոստանդ կայսրը հավերժ հիացած հրամայեց ճարտարապետին իր հետ գնալ Պոլիս և նույնը շինել իր պալատի մոտ»: Սակայն ճարտարապետը ճանապարհին հիվանդացավ և մեռավ։

Ներսես կաթուղիկոսը հեռացավ Հայաստանից և իր տեղը թողեց Անաստաս Ակոռեցիին, եկեղեցու մնացած մասերը և շրջակա շինությունների գործը շարունակելու համար։ Որովհետև ուղիղ վեց տարի հետո վերադարձավ Ներսես 3-րդ, այսինքն որ 651 թվից մինչև նրա վերադարձը դեռ վերջացած չէր ամբողջությամբ և կամ Անաստաս Ակոռեցին չէր կարողացած Ներսեսի նման արագությամբ առաջ տանել գործը։ Ուստի եկավ մնացած գործերն ալ անձամբ շարունակեց, որոնք ըստ Հովհաննես կաթուղիկոսի շրջակա բնակարանները և եկեղեցո շրջապատի պարիսպներն էին:

Շենքերի համար բոլորակ ձևը նորություն չէր, նախաքրիստոնեության շրջանում իր նախորդներն ունեցել էր թե՛ հունա-հռոմեական երկրներում, թե՛ Ասորա-Քաղդեայում։ Քրիստոնեական շրջանում եկեղեցիի համար նորություն էր բոլորակ ձևը Հայաստանում, որ առաջին անգամ իրականացավ Ներսես 3-րդի ձեռքով Զվարթնոցի շինությամբ։

Զվարթնոցը Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակին հետ համեմատելով, փոքր շենք չէր. առնվազն 35 մետր տրամագիծ ուներ, ուստի այսքան մի փոքր երկրի համար, իրոք մի մեծագործություն էր 35 մետր տրամագծով եռհարկ մի շինություն կանգնել։ Շենքի արտաքին պատը, որ 95 սմ. թանձրություն ուներ, ներքուստ ամբողջովին բոլորակ էր, զարդարված