Էջ:Artcakh history.pdf/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծ Հայքի ընդհանուր ճակատագրի հետ մեկտեղ Հայոց Արևելից նահանգները՝ Արցախն ու Ուտիքը, ունեն նաև ինքնատիպ պատ­մություն ու զարգացման առանձնահատկություններ։ Պատահական չէ, որ Արցախի պատմությանն զուգընթաց, շարադրվել են ինքնության և ինքնուրույնության համար Ուտիքի հայության մաքառումները։

Ուժն է ծնում իրավունքը։ Այս անարդար, բայց իրատես բանաձևված «ճշմարտությունը» երկրագնդի ժողովուրդների բոլոր ժամանակների ուղեկիցն է եղել։ Եվ առավել շատ ճակատագիրը բացակայում է վերաբերվել նրանց նկատմամբ, ովքեր ավելի վաղ են ընկալել այս իրողությունը։

Արցախահայությունը, ճիշտ ընկալելով այս ճշմարտությունը, իր պատմական երկարատև կենսափորձի վրա հենվելով, կե­նաց ու մահու պայքար է մղել արտաքին ու ներքին բոլոր թշնամիների դեմ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։ Բայց դա արցախահայության իղձերի վերջնական սահմանը չէ։ Այ­սօր նա կցանկանար քարտեզի վրա ԼՂՀ-ն տեսնել Միացյալ անկախ Հայաստանի մի մաս։

Այսօր էլ արդիական է մեծ արցախեցու՝ Դավիթ Անանունի հայտնի խոսքերը. «Ղարաբաղը ամբողջական Հայաստանից դուրս՝ դա խոց է…։ Եթե Ադրրեջանում խելքը գլխին քաղաքագետներ լինեն՝ նրանք ամենից առաջ պիտի հրաժարվեին Ղարաբաղից։ Եթե Հայաստանում հայրենիքի հավաքման համոզված գործիչներ կան՝ նրանք օրն ի բուն պիտի խորհեն Ղարաբաղի մասին։ Ղարաբաղը՝ Հայաստանին»1։

Հայոց Արևելից նահանգների պատմության ուսումնասիրությունը պատմագիտության արդի խնդիրներից է և կոչված է օգնելու նրա շուրջ ծագած ներկայիս հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը։

Չհավակնելով Արցախի բազմադարյան պատմության մանրամասները շարադրել լիովին՝ մենք փորձել ենք հրապարակի վրա ե­ղած սկզբնաղբյուրների և գիտական աշխատությունների հիման վրա ուրվագծել դրախտային այս աշխարհի հին ու նոր կենսագրության առավել հանգուցային դրվագները։