Էջ:Artcakh history.pdf/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վաչագան Բարեպաշտի թագավորության փառքն ու սահմանները վերականգնելուն ձգտող Ջիվանշիրի օրեցօր մեծացող հեղինակությունը սկսեց անհանգստացնել պարսից արքունիքին։ Երկիրը մտած պարսկական զորքերին նա հաղթեց Պարտավի մոտերքում։ Հետապնդելով պարսիկներին, Ջիվանշիրը անցնում է Կուր գետի ձախ ափը և Կամբեջան գավառում ջախջախում պարսիկներին ու ազատում գերյալ ծնողներին և եղբայրներին։

Ճկուն արտաքին քաղաքականության միջոցով Ջիվանշիրը մի առ ժամանակ բարեկամական հարաբերություններ պահպանեց բյուզանդացիների, արաբների, հոների և պարսիկների հետ։

Այդ նպատակով նա մեկնեց Վաղարշապատ՝ հանդիպեց Բյու­զանդիայի կայսեր հետ և նրանից մեծամեծ պատիվներ ու ընծաներ ստացավ200։ Ջիվանշիրը լեզու է գտնում նաև հոների խաքանի հետ։ Երբ հոները մտան Այսրկովկաս և դեռ չէին հասել Ուտիքի ու Արցախի սահմաններին, նա առաջանցիկ քայլ կատարեց։ Իր 17 բանագնացների հետ անցնում է Կուր գետը և խնդրում խաքանի աղջկա ձեռքը։ Այս նոր ստեղծված բարեկամության շնորհիվ հետ է վերադարձվում 120 հազար ոչխար, 7 հազար ձի և արջառ, 1200 գերի­ներ201, ինչպես նաև հոների օգնության շնորհիվ նա Այսրկովկասում հակակշռություն է ստեղծում։ Ջիվանշիրը որպես շրջահայաց գոր­ծիչ, վարում էր նաև խելամիտ արտաքին քաղաքականություն։ Երկրի տնտեսական վերելքը ապահովելու համար թեթևացրեց հարկե­րը։ Պարսկական և արաբական ձուլարար քաղաքականությանը դիմակայելու նպատակով երկրում կառուցեց եկեղեցիներ, ծավալեց քրիստոնեական ու հայկական ազգային սրբությունների քարոզիչ­ների շարժում։ Մեծարվում է Մեսրոպ Մաշտոցը և Գիս ավանում նրա թողած սուրբ խաչը համաժողովրդական ցնծությամբ տեղափոխում են եկեղեցի202։ Ջիվանշիրի ժամանակ Հայոց Աղվանքի մշակութային կյանքը մի նոր վերելք է ապրում։

Չնայած Միհրանյաններին հաջողվել էր Հայոց Արևելից գա­վառներում տեր ու տնօրինություն անելու և տանելի կացություն էր ստեղծվել Առանշահիկների հետ հարաբերություններում, բայց և այնպես Արցախի լեռնային գավառներում հայոց հինավուրց այդ տոհմը, պահպանելով իր շառավիղները, մտմտում էր նորից վերականգնելու