Էջ:Artcakh history.pdf/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

փրկելու նպատակով Փիլիպեն բարեկամական այցով գնում է Փադլունի մոտ։ Վերջինս կալանավորում է Փիլիպեին։ Ըստ Վարդան պատմիչի այս դեպքը տեղի է ունեցել 1044թ. հետո224։

Շուրջ մեկդարյա գոյությունից հետո կործանվեց նաև հայկական գավառային թագավորություններից մեկը։

Առանշահիկները ժողովրդի մի մասի հետ ստիպված են լինում ապաստանել Արցախի, Սյունիքի, Ուտիքի և Հայաստանի մյուս լեռնային քիչ թե շատ ապահով գավառներում։

Այդպիսիններից էր Ուտիքի Առանշահիկների տոհմի ներկայացուցիչ Օշինը, որը իշխում էր Գանձակի շրջակայքում գտնվող Մայրեացաջրում։ Օշինը դարձավ Կիլիկիայի Լամբրոն բերդի և նրա շրջակայքի տերը։

Օշինի հաջորդներից էր Հեթում Ա-ը, որից էլ սկզբնավորվում է Կիլիկիայի Հեթումյանների թագավորական տունը225։

Չնայած կործանվեց Փառիսոսի թագավորությունը, բայց նրա ավանդները վախճան չունեցան։ Դրանք արմատավորվեցին և տարածվեցին հայկական մյուս նահանգներում, ուր հիմնավորվել էին Առանշահիկների տոհմի վերընձյուղված ոստերը։

Հայտնի է, որ Սահակ Սևադայի դստրերից մեկը՝ Շահանդուխտը հարս էր գնացել Բաղաց Կապան, իսկ Սենիքերիմի քույրը Կարսի Մուշեղ Բագրատունի թագավորի կինն էր։ Նրանք, ինչպես նաև նրանցից սերվածները, մշակութային և հայրենանվեր այլ ձեռնարկումներ իրականացրին վերոհիշյալ թագավորություններում, շարունակելով Առանշահիկների կենսունակ ավանդները։

ԴԻԶԱԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 8-րդ դարի վերջին Արցախի հարավային գավառներում իշխում էր Առանշահիկների մեկ այլ ճյուղ։ Դիզակի իշխանությունը վերընթացի ուղին բռնեց Եսայի Աբու Մուսեի կառավարման շրջանում (9-րդ դարի առաջին կես)։ Նրա իշխանությունը տարածված էր Դիզակ գավառի և Վարանդայի մի մասի վրա։ Միաժամանակ տիրանալով Միհրանյանների կալվածք­ներին226 Եսայի իշխանը ստեղծեց տվյալ ժամանակաշրջանում Արցախում գործող իշխանություններից մեկը։ Ունենալով ռազմական պատկառելի ուժ Եսայի իշխանը դիմակայեց արաբներին և դրսեկ մյուս թշնամիներին։