Էջ:Artcakh history.pdf/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

855թ. Եսայի իշխանին խարդավանքով Բաղդադ տանելուց հետո, որի մասին հանգամանալից խոսվեց վերևում, հոր գործը շարու­նակեց Մովսես իշխանը։ Այս Մովսես իշխանի անունով էր Եսային կոչում Աբու Մուսե (Եսայի՝ հայր Մովսեսի)։

Տվյալ ժամանակաշրջանում Արցախում գործող սովորության համաձայն երբեմն թագավորական տան պայազատները իշխում էին երկրամասի տարբեր գավառներում՝ ընդունելով ավագի գերագահությունը։ Նման կարգավիճակով Դիզակում իշխում էին Մովսե­սի որդիները՝ Գագիկը և Վաչագանը։

Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշար­ձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։

Իշխանանիստ Տումիի թիկունքում է գտնվում Դիզակի իշխանների գերեզմանոցը, որից քիչ վերև՝ մի առանձնացած սարահարթի վրա պահպանվում են շինության բեկորներ։ Տեղացիները ավանդաբար դրան անվանում են Թագավորի պալատ։ Վերոհիշյալ շինությունից քիչ հեռավորության վրա՝ բլրին գտնվում է ավերված մատուռ և մի տապանաքար՝ Թագավորի գերեզմանը։ Մակար Բարխուդարյանի կարծիքով դա Գագիկ իշխանի գերեզմանոցն է227։ Թագավորի պալատից հյուսիս՝ ձորում պահպանվում է սրբատաշ քարերով կառուցված Թագավորի աղբյուրը։ Գյուղի հարավային կողմում կանգնած կիսավեր Կարմիր եկեղեցու լուսամուտի կամարին կար արձանագրություն. «Ի ՆԽԹ(1000) թվին Հայոց, ի թագավորութեանս տեառն Գագիկա՝ որդու Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծո»։ Արձանագրություն ունեցող քարը պահպանվում է Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Փաստորեն Գագիկի քույր Սոփին նույնպես վկայում է Արցախի հարավային հատվածում գոյություն ունեցած թագավորության մասին։

Գագիկի թագավորական իշխանության մասին է վկայում նաև նրան վերաբերող մի այլ արձանագրություն՝ Վարանդայի Վերին Թաղավարդ գյուղի Ջոխտ-Պառավածառ եկեղեցու մի խաչքարի վրա, նրան ճանաչում էր իբրև «Աղուանից իշխանաց իշխանի»228։