Էջ:Artcakh history.pdf/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուտիքի և Արցախի գերյալ տարածքները։ Ազատագր­ված գավառների լիիրավ տերերն էին դարձել կամ հին իշխանական տների ներկայացուցիչները, կամ էլ այդ պայքարում առավել աչքի ընկած զորավարները։ Արցախի իշխանական տներից մեկի ներկայացուցիչ Վասակ Խաղբակյանը և նրա երեք խիզախ զավակները իրենց քաջագործությունների համար, որպես «արեանգինք», Զաքարյաններից ստացան մի նոր ընդարձակ տիրույթ Վայոց ձորում246։ Նրանք տարածքներ ունեին նաև Շահապունիքի, Վարաժնունիքի, Կոտայքի շրջանում, մի մասն էլ Այրարատի նահանգում։ Խաղբակյանների իշխանության կենտրոններն էին Սրկղունքը(ներկայումս՝ Վերնաշեն) և Բոլորաբերդը։ Վասակին 1223թ. փոխարինել է Պռոշ որդին, որն այդ թվականից մինչև 1284թ. վարել է Զաքարյանների բանակի սպարապետի պաշտոնը, արի ու հմուտ զորավար է եղել, պետական ու ռազմական ականավոր գործիչ։ Պռոշի անունով իշխանական այդ տունը հետագայում կոչվել է Պռոշյան։

Խաղբակյանները կամ Պռոշյանները հայրենաշեն գործունեություն ծավալեցին Վայոց ձորում և հարակից շրջաններում։ Նրանց հովանավորությամբ կառուցվեցին հոյակերտ շինություններ, եկե­ղեցիներ, որոնցից արժանահիշատակ է Գեղարդի վանական համալիրը։

Խաղբակյան-Պռոշյան իշխանական տան որոշ շառավիղներ մնացին Արցախում։ Խաղբակի որդի Դլենը, թեև կալվածքներ ուներ Սյունյաց աշխարհում կամ Բաղաց թագավորության մեջ, բայց ժառանգորդների հիմնական նստավայրը Արցախում էր247։

Զաքարյաններին չհաջողվեց ստեղծել միաձույլ կենտրոնաձիգ պետություն։ Սակայն հայոց միասնությունը անխաթար պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տների հետ։

Ներքին Խաչենի տեր Վախթանգ-Տանգիկի կինն էր վրաց-հայկական միացյալ զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյան մեծ իշխանի դուստր Խորիշահը, սրանց որդին էլ՝ Հասան-Ջալալ Դոլան։ Այս Հասանի անունով էլ նրանց շառավիղները սկսեցին հետագա դարերում կոչվել Հասան-Ջալալյաններ։ Վերին Խաչենի կամ Ծարի Հասան իշխանը ամուսնացել էր Զաքարեի և Իվանեի մյուս