գերագահությունը։ Զաքարյանների իշխանապետության տարիներին Վերին Խաչենում տիրություն էր անում Հասան իշխանը։ Նրա վաղաժամ մահվանից հետո երկրամասում իշխում էր նրա կինը՝ Դոփին։ Եթե նրանց իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը, ապա տոհմական գերեզմանատուն էին դարձրել Վաղուհասի Մայրաքաղաք ու Խադա վանքերը։ Վերջինս կառուցվել է Հասանի եղբայր Հովհաննես կրոնավորի ջանքերով։
Դոփը եռանդուն գործունեություն է ծավալում Վերին Խաչենի իշխանության ամրապնդման, հարևանների հաշվին իր տարածքների ընդլայնման, վանական համալիրների կառուցման ուղղությամբ։ Դոփի որդին՝ Գրիգորը, չափահաս դառնալուց հետո, իշխանությունը թողնում է նրան և եկեղեցի գնում՝ կրոնավորելու։ Դոփը վախճանվել է Հաղբատում և նրա դին սփոփել են գլխավոր տաճարի գավիթում, որտեղ առայսօր պահպանվում է նրա գերեզմանաքարը։
12-րդ դարի երկրորդ կեսի և 13-րդ դարի սկզբների իրողություններում հիշատակության արժանի է Միջին Խաչենի կամ, ավելի ճիշտ, Հաթերքի Առանշահիկ ծագում ունեցող վախթանգյանների իշխանական տան գործունեությունը։ 1142-1182 թվականներին Հաթերքի իշխանության գահակալն էր Հասան իշխանաց իշխանը։ Նա բազմաթիվ հաղթանակներ տանելով իր թշնամիների նկատմամբ, խաղաղությամբ իշխում էր Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի և Հավքախաղացի շրջակայքում250։
Նշված ժամանակահատվածում Արցախում գործող մի սովորության համաձայն, տեղի իշխանները իրենց առաքելությունը ավարտված համարելով, կրոնավոր էին դառնում՝ մտնելով եկեղեցի և իրենց կյանքի վերջին տարիները նվիրում աստվածահաճ գործունեության։ Նման օրինակ ձևով վարվեցին նաև Հաթերքի Հասան իշխանաց իշխանը և նրա կին Մամքանը՝ Բագրատունի Կյուրիկե թագավորի դուստրը։
Հասանի և Մամքանի 6 որդիներից իշխանությունը անցավ ավագին՝ Վախթանգին։ Նրա օրոք Հաթերքի իշխանությունը ավելի փարթամացավ ու զորեղացավ։ Պատահական չէր, որ նրան ականատես մատենագիրները հիշում են «գլխաւոր այլոց իշխանաց»251