Էջ:Artcakh history.pdf/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեցին հայ-վրացական 10 000-ոց բանակի հետ։ Վերջիններս, պար­տություն կրելով, նահանջում են։ Ճակատամարտից հետո մոնղոլ­ները Գուգարքից մտնում են Վրաստան, ընդհուպ մոտենալով Տփղիսին։ Սակայն բավականաչափ ուժեր չունենալով և ճանապարհների վտանգավոր լինելը մոնղոլներին ստիպեց վերադառնալ և բանակ դնել Պարտավի ու Բայլականի միջև ընկած դաշտում՝ Բեղամեջի շրջանում։ Վրաց արքունիքը մոնղոլներին դիմադրելու նպատակով փորձեց հարևան երկրների հետ դաշնակցել և մեկ ընդհանուր ճակատ ստեղծել։ Սակայն մոնղոլները նախաձեռնությունը իրենց ձեռքից չտալու համար, չսպասելով գարնան բացվելուն, կրկին շարժվեցին դեպի Վրաստան։ Հայ-վրացական միացյալ ուժերը Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ շարժվեցին մոնղոլներին ընդառաջ։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1221թ. հունվարին Կոտման(այժմյան Թոուզ գետի մոտ)։

Հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին։

Այնուհետև մոնղոլները, ասպատակելով Հայաստանի հյուսի­սային և Վրաստանի հարավ-արևելյան շրջանները, վերադառնում են Ուտիք և 1221թ. գարնանը ավերածության են մատնում Մարաղա, Համադան, Խոյ, Սալմաստ, Նախճավան, Արդաբիլ, Սարաբ քաղաքներն ու նրանց շրջանները։ Մոնղոլներին համառ դիմադրու­թյուն ցույց տվեց Ուտիքի Բայլական քաղաքի բնակչությունը։ Չնայած բնակչության հերոսությանը, մոնղոլները մեկ ամսից հետո գրո­հով գրավեցին քաղաքը։ Բայլականի գրավումից հետո մոնղոլները շարժվում են դեպի Գանձակ։ Մոնղոլները, իմանալով քաղաքի անառիկության, ինչպես նաև բնակչության քաջության մասին, ստանալով իրենց պահանջած դրամն ու զգեստները, հեռանում են այն տեղից256։

Գանձակից մոնղոլական զորաբանակը շարժվեց դեպի Հյուսի­սային Հայաստան՝ նույն Գանձակ-Շամքոր-Տփղիս ուղղությամբ և նորից բախվեց հայ-վրացական ուժերի հետ։ Ճակատամարտը տեղի է ունենում 1222թ. հունվարին Կուրի ափին, Խունանի դաշտում։

Չնայած աջ թևում Վահրամ Գագեցին իր քաջարի ջոկատով կոտորելով մոնղոլներին, զգալի հաջողությունների են հասնում, բայց և այնպես հայ-վրացական միացյալ զորքերը Գեորգի Լաշայի և Իվանե