Էջ:Artcakh history.pdf/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աթաբեկի գլխավորությամբ սաստիկ պարտություն են կրում։

Չնայած դրան հայ-վրացական միացյալ ուժերը հետ են քաշ­վում Տփղիս և նախապատրաստվում թշնամուն հակահարված տալու։

Մոնղոլները տեղեկանալով դրա մասին, խուսափեցին ընդհարումից և հյուսիս-արևելյան Հայաստանից շարժվեցին դեպի Շիրվան, պաշարեցին Շամախին ու գրավեցին այն։

Դրանից հետո իրենց գործն Այսրկովկասում ավարտված համարելով՝ մոնղոլները շրջանցելով Դերբենդը, լեռնային դժվարանցանելի վայրերով հասան Հյուսիսային Կովկաս։

Դրանով ավարտվում է մոնղոլների առաջին արշավանքը դեպի Այսրկովկաս։ Այն ուներ հետախուզական նպատակ։

Դեռ նոր էին հեռացել մոնղոլները, երբ ղփչաղները Հյուսիսային Կովկասից մեծաքանակ ուժերով ներխուժեցին Այսրկովկաս։ Նրանք Գանձակի ամիրայի հետ համագործակցելով մահ ու ավեր էին սփռում Հայաստանի և Վրաստանի բնակավայրերում։

Իվանե աթաբեկը վրացական բանակի ուժերով Գանձակի մոտ հարձակվում է նրանց վրա, սակայն պարտություն է կրում։

Ճակատամարտում զոհվում են նաև Խաչենցի Խաղբակ իշխանի որդի Գրիգորը և թոռ Պապաքը։ 1223թ. միայն վրացական, հայ­կական միացյալ ուժերին է հաջողվում ջախջախել ղփչաղներին և նրանց դուրս քշել Այսրկովկասից։

Մոնղոլների հետախուզական արշավանքից և ղփչաղների աս­պատակություններից հետո դրությունը Այսրկովկասում շարունակ­վում էր մնալ լարված։

Խորեզմի շահ Մուհամմադի որդին՝ Ջալալ ադ-Դինը, նպատակ ունենալով նախ կանխել իր գլխավոր թշնամի մոնղոլների առաջ­խաղացումը, ապա վերականգնել Խորեզմի պետության վաղեմի դիրքերը, որոշում է ամրանալ Իրանի հյուսիս-արևմտյան մասում և Այսրկովկասում։ Փոխանակ ռազմական մի դաշնակցություն ստեղ­ծելու մոնղոլների դեմ մղվող պայքարում, Ջալալ ադ-Դինը սկսեց ասպատակել տարածքաշրջանի երկրները, անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեց քրիստոնյաների նկատմամբ, դրանով իսկ փորելով իր գերեզմանը։