Էջ:Artcakh history.pdf/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդի Գրիգորը։ Ինչպես մյուս հպատակ հայ իշխանները, Գրիգորը նույնպես մասնակցում է մոնղոլների կազմակերպած արշավանք­ներին, որի ընթացքում Հայոց Արևելից գավառների իշխանները մեծ փրկագներով ազատում էին արևմտյան Հայաստանի հայ գերյալ­ներին և մշակութային արժեքները, մանավանդ ձեռագիր մատյանները։ Վերին Խաչենում 1250–ական թվականներից Գրիգոր իշխանին փոխարինեց որդին՝ Հասան Բ-ն։ Աղբյուրները այս Հասանին պատվում են «արիակամ», «քաջ» և «հաղթող զորական» ու նման այլ մակդիրներով273։ Հասան Բ-ն բարիդրացիական հարաբերություններ ունենալով մոնղոլների հետ խաղաղ կյանք ապահովեց Վերին Խաչենի հայության համար։ Հասան Բ-ն վախճանվել է 1287թ.։ Ինչով էր բացատրվում 13-րդ դարին երկրորդ կեսի համեմատաբար խաղաղ կացությունը։

Ներքին Խաչենի տեր Աթաբեկի և Վերին Խաչենի իշխան Հասան Բ-ի իշխանությունը համընկավ մոնղոլական կենտրոնական իշխանության թուլացման հետ։ Մոնղոլ-թաթարական ավագանին նվաճված ժողովուրդների հաշվին անբավ հարստություն դիզելով այս անգամ կռվում էին միմյանց դեմ՝ գերագահության հասնելու համար։

1256թ. Հուլավու խանը հաղթանակի հասնելով Իրանի, Ատրպատականի, Արևելյան Վրաստանի, Հայաստանի, Ռումի, Քրդստանի, Իրաքի մոնղոլ կուսակալների նկատմամբ, ինչպես նաև վերջնականապես հնազանդեցնելով տեղական հնագույն ֆեոդալական տներին, փաստորեն հիմք դրեց Հուլավյան մոնղոլա-իրանական պետությանը, որը և պատմության մեջ մտավ «իլխանություն» անունով (իլխան-ժողովրդի տեր)։

Հուլավուի և նրան հաջորդած Աբաղա խանի(1265-1282թթ) կառավարման տարիներին երկրում տիրում էր հարաբերական խաղաղություն։ Հուլավյանք մոնղոլական կենտրոնական իշխանության և հարևան երկրների ցեղակից տերերի դեմ պայքարելու նպատակով հավատարիմ դաշնակիցներ էին փնտրում տեղի իշխանական տների շրջանում։ Եվ պատահական չէ, որ նրանք հնարավորություն էին տալիս, որպեսզի այդ իշխանությունները հզորանան և կարգավորեն իրենց ներքին տնտեսական ու մշակութային կյանքը։