Էջ:Artcakh history.pdf/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն հանգիստ քաղաքական կացությունը երկար չտևեց։ 1282թ.՝ Աբաղայի մահից հետո, նրա եղբայր Թագուդարը, հենվելով իր համախոհների վրա, դավադրաբար տիրացավ գահին։ Իշխաններից առաջինն էր նա, որ ընդունեց մահմեդականություն և կոչվեց Ահմադ։ Նորից քրիստոնեապաշտ հայության համար սկսվեցան լուր տառապանքների մի շրջան։ Թաթար-մոնղոլական բռնակալները նվաճված երկրներում պարբերաբար կրկնվող կողոպուտի ու ավերածությունների և անասելի ծանր հարկերի միջոցով ժողովրդին դատապարտել էին ծայր աղքատության և հուսահատության։ 14-րդ դարի սկզբներից սկսած մոնղոլական ծավալապաշտ կայսրությու­նը գնաց քայքայման ուղիով։ Մոնղոլ կուսակալներն ու զորապետները, հաճախ գժտվելով միմյանց հետ կամ ըմբոստանալով կենտրոնական իշխանության դեմ, դարձել էին իրենց կառավարած երկրամասի անկախ և ինքիշխան տիրակալներ, իսկ հպատակ ժողովուրդների համար՝ դահիճներ։ Հայ բնակչության վիճակը դարձավ ողբերգական և Ղազան խանի ժամանակ մոնղոլները պաշտոնապես ընդունեցին մահմեդականությունը։ Ազգային ու սոցիալական ճնշումներին գումարվեց կրոնական հալածանքը։ Հայաստանի շատ նահանգներում ծայր են առնում արտագաղթն ու փախուստը։ Վանքերում ու եկեղեցիներում այլևս չկար նախկին խլրտուն մշակութային կյանքը։ Նախկին շեն բնակավայրերը սկսում են դա­տարկվել։

Սակայն Արցախի հայությունը, ապավինած իր լեռնաշխարհին, տեղի չտվեց նաև այդ փորձության առաջ։