Էջ:Artcakh history.pdf/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ բնակավայրեր վերածվեցին ավերակների ու անբնակ դար­ձան։

1399–1403թթ. պատերազմական գործողությունների արդյուն­քում Լանկ-Թամուրը դարձավ ողջ Այսրկովկասի, Փոքր Ասիայի, Միջազետքի ու Սիրիայի տիրակալը։ Նրա գերագույն իշխանությունը ճանաչեց նաև Եգիպտոսի սուլթանը։

1403–1404թթ. Լանկ-Թամուրն իր բանակով ձմեռեց Ղարաբաղի դաշտային մասում, իսկ գարնանը մեծ ավարով ու գերիներով վերադարձավ Սամարղանդ։

Ժամանակակից աղբյուրները սրտաճմլիկ նկարագրություններ են պահպանել Լանկ-Թամուրի գործած ավերածությունների, բնակչության սրածության, գերեվարության, նյութական ու հոգևոր արժեքների կողոպուտի ու ոչնչացման մասին։ Պատերազմական գործողությունների պատճառով շատ վայրեր անմշակ էին մնացել, որի հետևանքով եղավ անբերրիություն և սաստիկ սով։ 1407թ. այդ ամենին գումարվեց ահավոր «մահտարժամ»-ը։ Դաժան համաճարակին զոհ գնացին հազարավոր մարդիկ։ Երկիրը մեծ մասամբ մնացել էր անտեր՝ զրկված իր տեղաբնիկ հայազուն իշխանություններից։ Արցախի դաշտային գավառները, հատկապես Մուխանքը կտրվում է հայկական միջավայրից և կորցնում իր ազգագրական ամբողջությունը։

Այդ ամենով հանդերձ Արցախի Առանշահիկ նախարարական տան շառավիղները, դիմակայելով օտար բռնավորների դժնդակ տիրապետության մղձավանջները, ավելի մանրացած, կառչեցին լեռնաստանի անմատչելի գավառներին, լիահույս սպասելով նոր բարենպաստ օրերի գալստյանը։

ԱՐՑԱԽԸ ԿԱՐԱ-ԿՈՅՈՒՆԼՈՒ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ։ Լանկ-Թամուրի մահվանից հետո նրա հսկայածավալ պետությունը, որ ստեղծվել ու գոյատևում էր բռնությամբ ու ահաբեկումով, սկսվեց արագությամբ քայքայվել։

Օգտվելով երկրում տիրող խառնակ վիճակից թուրքմենական ցեղերից մեկի առաջնորդ Կարա-Յուսուֆը 1407թ. գրավում է Թավրիզը և մինչև 1410 թվականը նվաճում է Ատրպատականը, Հայաստանը