Էջ:Artcakh history.pdf/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասպատակեցին Գանձակը, Պարտավը, Ջրաբերդը, Խաչենը, Վարանդան, Դիզակը՝ մահ ու ավեր սփռելով մինչև Երասխ գետը285։ Այս ավառարությունից ժամանակավորապես փրկվեց միայն Արցախի Ծար գավառի բնակչությունը։ 1582թ. թուրքական մեկ այլ զորաբանակ, զավթելով Սևանա լճի ավազանի գավառները, մտան Ծար և տեղի բնակչությանը հալածեցին մինչև Գանձակ286։

1580–ական թվականներին թուրքերի անընդմեջ կրկնվող արշավանքների հետևանքով պարսիկները դուրս մղվեցին Հայաստանից, Վրաստանից և Ատրպատականից։ Օսմանցիները տիրացան Թավրիզ քաղաքին։ Այդ ժամանակ Սեֆևյանները իրենց իշխանությունը լիակատար կործանումից փրկելու համար նրանց ներկայացուցիչ և պարսից գահին տիրացած շահ Աբբասը (1587-1629թթ.), բանակցելով թուրքերի հետ, 1590թ. մարտին պարսիկների համար շատ թանկ գնով հաշտություն կնքեց։ Նրանք ստիպված եղան թուրքերին զիջել Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Ատրպատականը՝ Թավրիզ քաղաքով։

Հայ ժողովրդի համար ստեղծվեց առավել ծանր մղձավանջային վիճակ։ Առանձնապես ժողովրդի համար սոսկալի չարիք դարձավ մանկահավաքը։ Սուլթան Սուլեյման I-ը, իր ենիչերական զորամասերը համալրելու նպատակով, կարգադրեց երկուսից-հինգ տարեկան տղաներին հավաքել, առանձնացնել և զորանոցային պայմաններում նրանց վարժեցնել զինվորական գործին։

Նման պայմաններում հայ ժողովուրդը ընտրեց չարիքներից փոքրագույնը՝ փորձելով համագործակցել պարսիկների հետ և ազատվել թուրքական անագորյուն լծից։

Հայերից, վրացիներից, քրդերից ներկայացուցիչներ գնացին Շահ-Աբասի մոտ և նրան խնդրեցին, որ նա ազատագրի Հայաստանը, Վրաստանը, Ատրպատականը օսմանյան թուրքերի լծից։

Արցախից՝ Սարուխան բեկը և իր եղրայր Նազարը Ոսկանապատ գյուղից, Օղլան քեշիշը և իր եղրայր Ղալաբեկին՝ Հաթերքից, Ջալալ բեկն իր եղբոր որդիներով Խաչենից, մելիք Սուջումը՝ Դիզակից, մելիք Փաշիկը՝ Քոչեզ գյուղից, մելիք Բարան՝ Բրիտաս գյուղից, Մելիքսեթ եպիսկոպոսը՝ Վերին Զակամից՝ Մելիքզատա գյուղից, մելիք Հայկազը՝ Քշտաղսի գավառի Խանածախ գյուղից։ Իսկ Դիզակի