Էջ:Artcakh history.pdf/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանցից հատկապես նշանավոր են Արաքս, Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Խաչեն, Կավարտ, Թարթառ, Ինջա, Քուրակ գետերի հովիտները, որոնք անբավ հարստություն են պարգևում երկրամասի հայությանը։

Հայոց Արևելից գավառների՝ Արցախի և Ուտիքի բնապատմական հիմնական շրջաններից կարևորագույնը Մուխանք դաշտն է։ Նրա կլիման հնարավորություն է տալիս մշակել չոր մերձարևադարձային շրջանների կուլտուրաներ։ Մուխանքի դաշտը երկրամասի առավել արգավանդ մասն է և բոլոր դարաշրջաններում հայտնի է եղել իր հացառատությամբ։ Այնտեղ մշակվել են բազմապիսի գյուղատնտեսական կուլտուրաներ։ Մուխանքի բացառիկ բերրիության վրա ուշադրություն են դարձրել միջնադարյան հայ պատմիչները։ «Բերրի ու արգավանդ է …, լի ամենայն բարիքներով, ջրով, փայ­տով, մրգով ու որսով»։ Հայտնի է ավանդական ասացվածքը Մու­խանքի բարեբերության մասին. ասում էին՝ պարտադիր չէ, որ այս տեղ ցանես, հնձել կարող ես միշտ4։

Պակաս արգավանդ չեն նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների արևելյան ցածրադիր մասերը։

ԿԼԻՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ։ Արցախի կլիման պայմանավորված է նրա դիրքով և բարդ ռելիեֆով։ Կլիմայական պայմանները հիմնականում մեղմ ու չափավոր են։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10°C: Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջին ջերմաստիճանը -1C°, ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը, միջին ջերմաստիճանը +21°C:

Արցախի դաշտային հատվածներում հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև ու մեղմ է, ամառը՝ տևական, շոգ, չոր, արևոտ եղանակների գերակշռությամբ։ Աշունը մեղմ ու տևական է։ Գարնան և ամռան ամիսներին հատկապես հաճախակի են ուժեղ ամպրոպները։ Ամռան սկզբներին հաճախակի են կարկտահարությունն ու սելավները, մանավանդ դա նկատելի է լեռնային հատվածներում։ Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան տատանվում է 220-900 մմ-ի սահմաններում։ Երբեմն ցուրտ օրերին անձրևի փոխարեն մանրագնդիկ կարկուտ է տեղում, որին ժողովուրդը բանջարբսուկ է անվանում։ Գարնանը և