Էջ:Artcakh history.pdf/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յայտնի Սիպտակ երեցը, որ նրանց երկար խօսք ու զրույցը կտրում է հետեւեալով.– ամենից լաւ հնարն է, վեր կացէք գիշեր ժամանակ ձեր տներում քնոտած շուն-լէզգիներին կոտորեցէք, որ միանգամ աչքները վախենայ, մեր երկիրը ոտք չկոխեն։ Այս պատուէրը իսկութեամբ կատարեց մեծ մասը, բացի մի քանի վախկոտներից։ Լէզգիներին կոտորելու լուրը հասաւ Դաղստան, անթիւ անհամար լէզգիք թափուեցին Խոթայ վանքի մօտերը, ժողովուրդն իւր ընտանիքն առած խոր ծմակներն ապաւինեց, իսկ նրանց թողած տներն ու իրերը կրակի բոցերին մատնուեց»299։

Պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքների առաջն առնե­լու նպատակով անջատ-անջատ գործող Արցախի մելիքները, ապավինած իրենց անառիկ բերդերին, ստեղծեցին զինական միաս­նություն, որը պատմությանը հայտնի է սղնախներ անունով։ «Սըղնախ»-«սըղմախ» թուրքական բառ է, որ նշանակում է «սեղմել» «ամրացնել»։ Ռուսական վավերագրերում «սղնախի» փոխարեն գործ էր ածվում «армянское собрание», որը պետք է թարգմանվի «հայկական հավաքատեղի կամ հավաքույթ»։ Զենքի վարպետներն օգտագործում էին տեղում եղած երկաթի, պղնձի, արճճի, արծաթի հանքերը, վառոդ պատրաստելու պարագաները՝ աղբորակ և ծծումբ։ Բազմաքանակ էր նաև սղնախականների զինական ուժը։ Կարիքի դեպքում հայ զորքերի և զինապարտների թվաքանակը մի քանի հազարից երբեմն հասնում էր երեք չորս տասնյակ հազարի, իրենց շարքերում հաշվելով 30 հազար ձիավոր և 10 հազար հետևակ300։

1722թ. գարունը բացվելուն պես Դաղստանի լեռնականների մե­ծաքանակ զորքերը անցնելով Ճորա Պահակը ավերեցին վաճառաշահ Շամախի քաղաքը ու հայտնվեցին Արցախում301։ Այս անգամ լեզգիների առաջ երկիրը անպաշտպան ու անպատրաստ չէր։ Լեռներում ամրացած կանոնավոր և վարժված զորքը Ջրաբերդի շրջակայքում արժանի հակահարված հասցրեց թշնամուն։

Դրա մասին է վկայում նաև Ղարաբաղի չորս մելիքների նամակը Պետրոս Մեծին «Մեկ տարի է, որ երկիրս Աղուանից գերի է ձեռըս լազգոց, նոքայ կոտորէյին և եսիրն տանէյին, ես մնացածն տեղոյս բռնակալաց թուրքերն այրելով, խորովելով հարկս բահանջէին