Էջ:Artcakh history.pdf/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինակցության։ Շահը Վաղթանգ 6-ին զրկեց Քարթլիի Վալիի և զորահրամանատարի­ պաշտոնից ու մեղադրեց «դավաճանության» մեջ։ Նրա փոխարեն շահը իրեն դրածո էր դարձրել Կախեթի թագավոր Կոստանդինին, որն ընդունել էր մահմեդականությունը(Մահմուդ-Ղուլի անունով) հայտարարվել նաև Երևանի, Գանձակի ու Ղարաբաղի բեկլարբեկ և հրաման ստացել՝ պարսից զորքով գնալ Վախթանգի դեմ ու գրավել Թբիլիսին։ Թողնելով Վրաստանի մայրաքաղաքը, Վախթանգը ստիպված եղավ անցնել Ռուսաստան։

Արտաքին աշխարհից մեկուսացված հայ զինվորականությունը միայնակ կանգնեց պարսիկների, թուրքերի և լեզգիների դեմ։ Սակայն, այս վիճակում իսկ, լիակատար հուսահատության չմատնվելով, սղնախականները լարում էին իրենց ամբողջ կարողություննե­րը՝ երկրի ինքնապաշտպանությունն ապահովելու համար։

Ստանձնելով այսքան բացառիկ մի դեր, հայ զինվորականու­թյունը դառնում է երկրի գերագույն տերն ու տնօրենը, կենտրոնացնում­ իր ամբողջ իշխանությունը, և այնուհետև բանակցություններն ու դիմումներն առանձին անհատների անունից չէին վարվում, այլ հայոց սղնախների անունից։ Ամեն տեղ բորբոքվեց տեղային մանր, լեռնական պատերազմը։

1723 թվականին Արցախի սղնախականների համար սկսվեց փորձության մի նոր շրջան։ Այս անգամ լեռնաստանի հայությանը վիճակված էր դիմակայելու ավելի վայրագ ու ահեղ թշնամու՝ թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Թբիլիսին գրավելուց հետո 1723թ. հոկտեմբերին թուրքական 80 հազարանոց զորքը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ շարժվե­ցին դեպի Գանձակ։ Քաղաքի պաշտպանությանը մասնակցում էին նաև սղնախների մարտական ուժերի մի մասը։ Թուրքական զորքը պարտություն կրեց և նահանջեց, Գանձակի պատերի տակ ­ թողնելով հազարավոր սպանվածներ։ Դեռ ավելին, հայ զինվորականու­թյան պահանջով Իբրահիմ փաշան ազատ արձակեց քաղաքի շրջակա գյուղերից գերեվարված հայերին։ Ականատես լինելով հայ­կական բանակի մարտունակությանը, Իբրահիմ փաշան Ավան հարյուրապետին հակապարսկական և հակառուսական ճակատ ստեղծելու առաջարկություն արեց։ Հայերը մերժեցին։