Էջ:Artcakh history.pdf/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, միաժամանակ դաշնակիցներ էին որոնում մոտալուտ ժամանակներում թուրքական ագրեսիան կանխելու համար։ Դիվանագի­տական այդ պրպտումները նախապատրաստեց իրանական իշ­խանությունների, իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու մահմեդական ֆեոդալների և հայկական սղնախների միջև 1724թ. մար­տի 24-ի Գանձակի պայմանագրի կնքումը։ Հայկական կողմից պայմանագրի տակ ստորագրեցին Գանձասարի Եսայի կաթողիկո­սը, Երից Մանկանց Ներսես կաթողիկոսը, Ավան, Միրզա, Թար­խան, Բաղի, Մարգիս, Աբրահամ հարյուրապետերը և Թամրազ, Բաղի, Գրիգոր, Եգան և Դանիել մելիքները։ Վերջիններս պարտավորվում էին հրաժարվել Գանձակի շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից և խոստանում օգնության գալ քաղաքի ազգաբնակչությանը՝ թուրքերի կամ լեզգիների կողմից հարձակում լինելու դեպքում։ Գանձակի կառավարիչները փոխադարձաբար խոստանում էին՝ մեղապարտ ճանաչել ու պատժել ղաջարներին կամ քաղաքացիներին, եթե նրանք փորձեն կողոպտել սղնախներին ու Ղարաբաղի քրիստոնյաներին կամ օգնության չգան նրանց թուրքերից և եզդիներից պաշտպանելու համար։ Գանձակի մուսուլմաններն ու Ղարաբաղի սղնախականները 1725թ. 200 հոգուց բաղկացած պատվիրակություն են հղում շահ Թահմազի մոտ՝ տեղեկացնելու ստորագրված պայմանագրի մասին։ Շահի մոտ պատվիրակություն գնաց նաև Դավիթ-Բեկի ղեկավարությամբ թուրքերի դեմ պայքարող ղափանցիների կողմից։ Պատվիրակները վերադարձան Ղարաբաղի և Ղափանի սղնախների ղեկավարներին շահի հղած խալաթներով։

Այսպիսով, Գանձակի պայմանագրի ստորագրումից հետո, հայերի դիմադրական պայքարը շրջվելով թուրքական հարձակումնե­րի դեմ՝ ժամանակավորապես կորցնում է իր հակաիրանական բնույթը։ 1724թ. Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո թուրքական հրամանատարության առաջնահերթ խնդիրն էր՝ վերացնել Ռուսաստանի և Թուրքիայի արանքում գոյություն ունեցող հայկական սեպը։ Այդ խնդիրը լուծելու համար 1724թ. հունիսին թուրքական զորքը Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտը, այնուհետև գրավեցին Նախիջևանն ու Օրդուբադը,