Jump to content

Էջ:Artcakh history.pdf/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտագաղթի ճանապարհն էր բռնել նաև Արցախի մյուս գավառների հայ բնակչությունը։ Գյուլիստանի մելիքների մի մասը հանգրվանել էր Կախեթի Թելավ քաղաքում և Վրաստանի կազմում գտնվող Գուգարքի Բողնոփոր գավառում (Բոլնիս)։ Արտագաղթածների մի մասը բնակություն են հաստատել Քարթլիի բազմաթիվ վրացական գյուղերում։ Միայն շուրջ հարյուր գյուղ էին հիմնադրել արցախահայերը Շաքի և Շիրվան գավառներում320։ Այս ճանա­պարհով Արցախի հայությունը Հյուսիսային Կովկասում հիմնեց ինը գյուղ321։

Չնայած դրան սղնախների պայքարը շարունակվեց նաև հետագայում։ 1729թ. գեներալ Դոլգորուկոգվը ցարին հղած մի դիմու­մի մեջ հավաստիացնում է, որ սղնախներում հազարավոր զինվորներ պահում են իրենց դիրքերը և ոչ մեկը նրանցից անձնատուր չի լինում թշնամուն322։

1729-1731թթ. հայ դիմադրական շարժման գլխավոր օջախը դարձավ Գյուլիստանի բերդը, որի հրամանատարը հայկական աղ­բյուրի համաձայն կոչվում է «Աբրահամ սպարապետ», իսկ սուլթանական ֆերմաններում քանիցս հիշվում է «Գյավուր Աբրահամ» անունով, որում նկատի է առնված ոչ միայն հայ ազգությունը, այլ երևի նրա ռազմավարության կատաղի բնույթը323։ Ուշագրավ է, որ Գյուլիստանում ծավալված այս դիմադրական պայքարին մասնակ­ցեցին 1722թ. Հայաստանից Լեհաստան փախած և 1728թ. Ղարաբաղ վերադարձած հայ այն մարտիկները, որոնց գլուխ էր կանգնած Յուզբաշի Գրիգոր Ստեփանյանը324։

Ազատագրական շարժման նոր թափը կոտրելու համար սուլթանը «սրբազան պատերազմ» հայտարարեց հայերին և հատուկ ֆարմանով հրամայեց Երևանի Իբրահիմ փաշային, Բայազետում նս­տող Մահմուդ փաշային, քուրդ ամիրաներին և Դաղստանում, Շիրվանում ու Գանձակում տեղակայված իր զորքերին համատեղ ուժերով հիմնահատակ քանդել հայերի բնակատեղիներն ու ամրությունները325։

Սղնախների ազատագրական պայքարի ավանդները վախճան չունեցան։ 1732թ. Ներսես կաթողիկոսը նամակով դիմեց գեներալ Վ.Լևաշովին թուրքական լուծը տապալելու գործում Արցախին աջակցելու