Էջ:Artcakh history.pdf/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրանքով326։ 1733թ. սեպտեմբերի 14-ին Այսրկովկասում Ռուսաստանի քաղաքական ծրագրերի մասին առաջարկու­թյուններով իր կառավարության առջև հանդես եկավ Պ.Շաֆիրովը. «Սղնախների հայերի միջոցով այս քաղաքը (իմա՛ Շամախին-Վ.Բ.) վերցնելու դեպքում կարելի է ամբողջ փոքր Հայաստանը (իմա՛ Արցախը–Վ.Բ.) կամ ինչպես այժմ են անվանում՝ հայկական սղնախնե­րը գրավել, որոնց բոլոր տարածքները հայ քաջ քրիստոնյաներով են բնակեցված և նրանք իրենք ինքնուրույն մի քանի տարի պաշտպանվում էին ինչպես թուրքերից, այնպես էլ պարսիկներից…»327։

Սղնախների հայերի սխրանքները համընկնում էին թուրք նվաճողների դեմ ոտքի ելած իրանական ժողովուրդների համաշավիղ ընթացքին, որի գլուխ կանգնեց Պարսկաստանի նոր տիրակալ՝ Նադիր շահը։ Պարսկաստանում կատարվող փոփոխություններին զուգահեռ Արցախում սղնախների հիմքերի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք մոտակա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական շարժման նոր հանգրվաններ։