Էջ:Artcakh history.pdf/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայրն էր Ավետարանոց բերդավանը։ Վտանգի ժամանակ մելիքության հպատակները պատսպարվում էին Շուշվա բերդում և Հերհեր ու Ծովատեղ գյուղերի միջև ընկած Քոչիզ ամրոցում, Աղջկաբերդում, Գիշու Ղլեն խութ բերդում։ Դիզակի տեր մելիք Եգանյան-Ավանյանների տիրույթները ձգվում էին Դիզափայտ-Քիրս լեռնագո­տուց մինչև Արաքս գետի հովիտները։ Մելիքները նստում էին Տող ավանում։ Քննարկվող ժամանակաընթացքում գավառի նշանավոր բերդերը գտնվում էին Ցոր գյուղում և Վնեսա սարում։

Մելիք-Եգանը Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թվականը գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Նա հարևան Շիրվանի, Գանձակի, Երևանի բեկլարբեկիների նման ուղ­ղակի ենթարկվում էր Նադիրի եղբոր, սիփահսալար Իբրահիմ խանին, որը նստում էր Ատրպատականի կենտրոն, փոխարքայանիստ Թավրիզ քաղաքում։

Պատմական բախտորոշ այս ժամանակաշրջանում Մելիք-Եգանի նման տաղանդավոր պետական քաղաքական գործիչը, օգ­տագործելով Նադիրի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, հոգում էր ողջ Արևելյան Հայաստանի հայության հոգսերը։ Դրա մասին է վկայում Տողի մելիքական ապարանքի ճակատին Մելիք-Եգանի թողած վիմագիրը. «Ես թողեցի ոչ Հայասդանաս եսիր տալու»333։

Օտար և հայ հեղինակները վկայում են, թե Նադիր շահը հոր տեղ էր ընդունում մելիք-Եգանին, առաջնորդվում նրա խորհուրդներով334։ Մելիք-Եգանի հայրենանվեր գործունեությունը ամփոփ ձևով ներկայացված է Տողի մատուռ-դամբարանում պահպանված շիր­մաքարի չափածո տապանագրի մեջ.

Այս է տապան քաջ իշխանին,
Եկան անուն մեծ Մելիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին.
Եղեւ սիրեցեալ ամենայնին
Նատիր անուն թագաւորին։
Տիրապետեաց սայ ի երկրին
Ի Աղուանից ի նահանգին