Էջ:Artcakh history.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոնավությունը, տարվա ընթացքում կարգավորում մթնո­լորտային տեղումների քանակը, մեղմացնում շոգը, ձմեռային ցուրտը, քամիների կործանիչ ուժը, բարերար ներգործություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության վրա։

Արցախի անտառները հիմնականում խառը տնկարքներ են։ Այստեղ խառը ձևով աճում է հաճարենին, կաղնին, բոխին, թխկին, թեղին, լորենին, հացին, կեչին, ճապկին։ Անտառներում սովորաբար հանդիպում ենք հոնի, խնձորենու, թզենու, տանձենու, ընկուզենու, սալորենու, շլորի, զկեռի, տխլենու կղզյակների։

Գետահովիտների երկարությամբ տարածված են ուռենիները։ Շատ են նաև մոշի և մասրենու թփերը։ Վայրի ծառատեսակների ու թփերի պտուղները հին ժամանակներից մինչև այսօր թարմ կամ չո­րացված ձևով օգտագործվում են որպես սննդամթերք, համեմունք և դեղամիջոց։ Մարդու անարդյունավետ տնտեսավարման հետևանքով անտառի անսպառ բերքի մեծ մասը հիմնականում փչանում է։

Անտառներում առատորեն աճում են սոխի համ ունեցող խազազ կոչվող բուսատեսակը, սունկը, բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ, նունուֆար, անթառամ և այլն։

Անտառները կազմում են Արցախի տարածքի 34-35 տոկոսը5: Առավել անտառաշատ են Մարտակերտի և Հադրութի շրջանները։

Արցախը աչքի է ընկնում բուսական համայնապատկերների ու բուսատեսակների արտակարգ բազմազանությամբ։ Այստեղ առատ են մշակովի բույսերի վայրի ազգակիցները՝ ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորի­զավոր, ընդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ։

Երկրամասի տարածքում միմյանց են հաջորդում տափաստաններն ու անտառները, մարգագետնատափաստանները։ Ամենա­ցածր դիրք ունեն կիսաանապատներն ու տափաստանները (300-800մ), ամենաբարձր՝ մերձալպյան, ալպյան մարգագետինները, բարձրախոտերը, քարաժայռային բուսականությունը (1300-2300մ), իսկ 2300 մետրից բարձր տարածված են տունդրային յուրահատուկ բուսատեսակները։ Մարտունու և Մարտակերտի շրջանների արևել­յան ցածրադիր մասերում գտնվող գրեթե չոր, անջրդի հողատարածությունները