Էջ:Artcakh history.pdf/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՂԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ Խամսայի մելիքությունների կարգավիճակը շատ բանով կախված էր Իրանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից։

Նադիր շահի վարած ծանր հարկային քաղաքականությունը, անհաջող պատերազմները Դաղստանի և օսմանցիների դեմ, ավելի են բարձրացնում ժողովրդական ցասման ալիքը բռնակալի դեմ։ Նման պայմաններում 1747թ. դավադրաբար վերջ են տալիս Նադի­րի խռովահույզ կյանքին։ Նրա սպանությունից հետո երկրում սկս­վում է անիշխանության մի շրջան։ Ինչպիսի արագությամբ Իրանը իր հզորությանը հասավ Նադիրի օրոք, նույնպիսի արագությամբ նա դիմեց իր անկմանը նրա մահից հետո։

Կենտրոնական իշխանության բացակայության և գահի համար մղվող պայքարի հետևանքով Պարսկաստանի տարբեր մարզերի շատ իշխողներ անկախություն ձեռք բերեցին։ Ստեղծված խառնակ վիճակից օգտվեցին նաև շիա աղանդի քոչվոր այն թուրքերը, որոնք ժամանակին ընկճվել էին Նադիրի կողմից և արտաքսվել Խորասան։ Այժմ, օգտվելով Նադիրի մահից և Իրանում ստեղծված անիշ­խանությունից, այդ ցեղերը նորից վերահաստատվեցին Այսրկովկասում, հատկապես Կուր-Արաքսյան միջագետքում և անհանգիստ կացություն ստեղծեցին Խամսայի սահմանով մեկ։ Կուր-Արաքսյան միջագետքում թափառող ավազակաբարո թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջը։