Jump to content

Էջ:Artcakh history.pdf/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջինս Նադիրի կենդանության ժամանակ նրա մունետիկն էր, որ փողոցներում բարձր հայտարարում էր կառավարության որոշումները։ Հետագայում Փանահը հեռանում է արքունիքից և աս­տանդական կյանք վարում Ղարաբաղի դաշտային հատվածնե­րում։ Պարսից կառավարությունը բազմիցս փորձել է ձերբակալել Փանահին։ Սակայն նա, ստանալով Ջրաբերդի մելիք Ալլահ-Ղուլի սուլթանի հովանավորությունը, խույս տվեց դրանից։ Փանահը յուրովի վարձահատույց եղավ. բարեկամությանը թույն խառնելով դառնալով իր իսկ հովանավորների գերեզմանափորը։

Նադիրի սպանությունից հետո, դեպքերը զարգացան ի նպաստ Փանահի։ Իրեն ենթարկելով դաշտավայրի բոլոր քոչվոր ցեղերին՝ հարձակումներ է գործում շրջակա բնակավայրերի վրա։ Կողոպտված ավարը նա բաժանում էր իր կողմնակիցներին, դրա փոխարեն նրանից հավաքագրելով զինվորական նոր ուժեր336։ Դեռ ավելին, խարդախ ճանապարհով նրան հաջողվում է Ադիլ շահից ստանալ խանի տիտղոս, առավել սանձարձակ ասպատակություններ սփռելով շրջակա տարածքների վրա։ Փանահը, հեռուն գնացող նպատակներ հետապնդելով, փորձեց անցնել նստակեցության։ Կուր գե­տի ափին կառուցեց Բայաթ ամրոցը։ Փանահի հակառակորդ Շիրվանի Հաջի Չելեբի խանը փորձեց գրավել բերդը, բայց անհաջողության մատնվեց։ Այս հաղթանակը ավելի ոգևորեց Փանահին։ Նրա հիմնական նպատակն էր տեր դառնալ լեռնային Արցախին, իր բազմահազար ոչխարների հոտերի համար ձեռք բերելով հարուստ արոտավայրեր։

Փանահը ամրացրեց Արցախի հյուսիս արևելքում գտնվող Տիգրանակերտ բերդամրոցը, որը այդ ժամանակներում կոչվում էր Շահբուլաղ և այստեղից հարձակումներ էր գործում Խաչենի և Ջրաբերդի մելիքությունների վրա։ Խամսայի մելիքները, չհանդուրժելով նորաբույս խանի համարձակ քայլերը, Խաչենի մելիք Ալլահվերդու գլխավորությամբ գրավեցին Տիգրանակերտը՝ Փանահին հալածելով Արցախի լեռնային հատվածներից։

Ահա այս հակամարտությունների պայմաններում Ղարաբաղում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք համահունչ պետք է լինեին Փանահի նկրտումներին։