Իրանում ստեղծված անիշխանության պայմաններում Խամսան արագորեն գահավիժում էր և առիթ էր պետք ուշ միջնադարյան հայկական այս պետականության վերջին բեկորին վերջ տալու համար։
Առիթը հայ մելիքների ներքին գժտություններն էին։ 1751թ. Վարանդայի մելիքանիստ Ավետարանոցում տեղի ունեցավ մի ընտանեական սպանդ, ինչը հեղաբեկիչ դեր պետք է ունենար Ղարաբաղի հետագա ողջ անցքերի վրա և ճակատագրական կդառնար արցախահայության համար։
Վարանդայի մելիք Հուսեինի մահվանից հետո, հին սովորության համաձայն, իշխանությունը անցավ ավագ որդուն՝ Հովսեփին։ Վերջինիս կրտսեր եղբայր Շահնազարը, որը փառասեր անձնավորություն էր, չհանդուրժելով մելիք Հովսեփի իշխանությունը դավադրաբար իր ձեռքով սպանեց եղբորը, չխնայելով նրա ընտանիքի անդամներին։ Շահնազարի մեջ խոսեց թուրքի պիղծ արյանը, որը տակնուվրա արեց Խամսայի մելիքների կուռ միությունը։ Ավանդության համաձայն Հովսեփը մելիք Հուսեինի առաջին կնոջ՝ Աննայի որդին էր, որը Դիզակի մելիք Ավանի քույրն էր, իսկ Շահնազարը ծնվել էր Նախիջևանի խանի դուստր Զոհրա խանումից։
Այսպիսով, Շահնազարը դավադրաբար դառնալով Վարանդայի մելիքը, կործանարար դերակատարություն ունեցավ արցախահայության համար։
Այս եղեռնագործությունը Շահնազարի դեմ հանեց Խամսայի ավանդապահ մելիքներին և վերջիններս միաբանվեցին նրանից վրեժխնդիր լինելու համար։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Մելիք Շահնազարյանները խնամիական կապեր ունեին Խաչենի և Ջրաբերդի մելիքների հետ։ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան մելիք Հովսեփը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-Ղուլի սուլթանը, Խաչենի մելիք-Ալլահվերդի Հասան Ջալալյանը և Դիզակի Մելիք-Ավանյան մելիք Եսային պաշարեցին Ավետարանոցը, սակայն մելիք Շահնազարը տեղի չտվեց և բերդը չգրավվեց։
Ժամանակն ու իրավիճակը գործում էին եղբայրասպան մելիքի օգտին։ Ուխտապահ մելիքներից հալածված Շահնազարը օգնության դիմեց Փանահին։ Նենգադավ քոչվորին հանգստություն չէին տալիս հայ մելիքների