ծածկված են անապատային և կիսաանապատային բուսականությամբ։ Այստեղ զգալի տոկոս են կազմում ուղտափուշը, կապարը, ոզնախոտը, երնջակը, տերեփուկը։ Այդ տարածքներում տիրապետող բույսը հոտավետ օշինդրն է։ Կիսաանապատային բուսականությունը վաղ գարնանը բավականին թարմ տեսք ունի։ Ծաղկում են էֆեմերները՝ առնասպարը, ճռճռուկը, եղջրագլխիկը, ճարճատուկը, կակաչը, սագասոխուկը, աստղաշուշանը։ Այդ տարածքը օգտագործվում է որպես ձմեռային արոտավայր։ Իսկ մարդու կողմից՝ որպես ուտեստ, օգտագործվում են սիբեխը, թրթնջուկը, կապարը, եղինջը, խատուտիկը, դանդուռը, որպես դեղաբույս՝ կուսածաղիկը, անթառամը, առյուծագը, լոշտակը, հազարտերևուկը, սրոհունդը։
Արցախի տափաստանները հիմնականում ծածկված են տափաստանային գուղձավոր և պնդաթուփ խոտաբույսերով։ Այստեղ տարածված են ավելուկը, եղինջը, ծնեբեկը, թրթնջուկը, կնձմնձուկը, ճռճռուկը, խնջլոզը, փիփերտը, շրիշը, իշակաթնուկը և այլն։
Տափաստանային բուսական ծածկույթը, մյուս տիպերի համեմատ, ավելի շատ է տուժել մարդկանց կողմից։ Ամեն տարի յուրացվել է մի քանի տասնյակ հեկտար խոպան, տափաստան, որի հետևանքով ռեգրեսիվ փոփոխման է ենթարկվել բուսական ծածկը։ Լեռնային տափաստանները տնտեսական խոշոր նշանակություն ունեն։ Նրանց զգալի մասը օգտագործվում են որպես խոտհարքներ և արոտավայրեր, վիտամինների ու դեղանյութերի հավաքման շտեմարան։ Արցախի տափաստանային բուսածածկույթի բնորոշ տիպերից են չորասեր նոսր անտառները։ Սաղարթավոր նոսր անտառներում ցածրաբուն, լուսասեր ծառերի ու թփերի՝ ցաքու, ասպիրակի, փռշնու, ցախակեռասների, հասմիկի, մահալեբյան բալենու, խնկենու, նռնենու, մասրենու, դրախտածառի հարևանությամբ աճում են փետրախոտեր, շյուղախոտեր, աղեղախոտեր։ Ամենուրեք տարածված են ուրցի երկու տեսակները, որոնց հոգեպարար բույրով պարուրվում է ողջ շրջապատը։ Անտառամերձ մարգագետիններում աճում են հացազգի և լոբազգի բազմաթիվ բույսեր։ Գարնան վերջերին սագասոխին, մկանասոխին, աստղաշուշանին, ձնծաղիկին փոխարինելու են գալիս հրանուկը, անմոռուկը, որոնց դեղին և երկնակապտավուն