Էջ:Artcakh history.pdf/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Դարերի ընթացքում հայ ժողովուրդը, գալարվելով թուրք-պարսկական բռնակալության ճիրաններում, մշտապես վառ էր պահել ազատության տենչը՝ այն կապելով հյուսիսի մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ։ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին հիշատակում է «ռուզիկներին» կամ «ռուզերին»՝ ռուսներին, որոնք «ոչ ավելի քան զերիս ժամանակս իբրև զմրրիկս ընդ համատարած աշխարհածով ելիցն Կասբից յանկարծ հասնէին ի մայրաքաղաքս Աղուանից ի Պարտավ, ուր ոչ ուստեք լեալ կարողութիւն ընդդիմայիլ նոցա …»344։

943 կամ 944 թվականներին ռուսական ջոկատները Կուր գետով բարձրանալով հայտնվեցին Պարտավի մատույցներում։ Սկզբում նրանց հաջողվեց գրավել քաղաքը։ Սակայն տեղի իշխանները իրենց ուժերը ի մի բերելով կարողացան ազատագրել Պարտավը345։

Կուր գետի ափերին կատարված հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են վերոհիշյալ ժամանակներից մնացած ռուսական նավերի մնացորդներ։ Ռուս առևտրականները Ռումի(Սև) ծովի, Սլավոնական(Դոն) գետի և Ջուրջանի(Կասպից) ծովի վրայով մորթիներ և այլ ապրանքներ են տարել Բաղդադ և Մերձավոր Արևելքի այլ քաղաք­ներ346։