Էջ:Artcakh history.pdf/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետության գաղափարները, և «գլխավորապես Գանձասարի կաթողիկոսները, որոնք բավականին անկախ էին պարսկական իշխանություններից»349։ «Արցախի հայ ֆեոդալները,- կարդում ենք 1532թ. հիշատակարաններից մեկում,- համարվում են մեր ժողովրդի և ամբողջ քրիստոնյաների պարծանքը»350։

Տակավին 14-րդ դարի սկզբներից Կիլիկիայի հայկական պե­տության ճգնաժամի պայմաններում հայ քաղաքական գործիչները արևմտաեվրոպական տերությունների օգնության մեջ հայ ժողովր­դի ազատագրության երաշխիքներ էին ակնկալում։ Հայ իրականության ազատագրական ձգտումները կողմնորոշվում էին դեպի Արևմուտքի քրիստոնյա տերությունները։ Հռոմի պապի և Եվրոպական միապետների հետ շուրջ երեք դարյա անպտուղ բանակցություններից հետո 17-րդ դարի երկրորդ կեսին հայ քաղաքական միտքը հակվում է դեպի Ռուսաստան։ Դա բացատրվում է հետևյալ պատճառներով.

1. նախ և առաջ հայ գործիչները համոզվեցին, որ Եվրոպական տերությունները լիովին հակված են դեպի Պարսկաստանն ու Թուր­քիան։

2.17-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանը դուրս եկավ միջազ­գային ասպարեզ։

3. Տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը, ընդարձակելով իր պետական սահմանները, մոտեցել էր Այսրկովկասին և ձգտում էր իր ազդեցությունը տարածելով այդ երկրամասի վրա՝ կայսրու­թյան համար ճանապարհ հարթել դեպի Հնդկաստան։ Իսկ այս պայմաններում կամա թե ակամա Ռուսաստանի շահերը պետք է բախվեին Թուրքիայի, Պարսկաստանի, միաժամանակ նրանց հովանավորող Եվրոպական տերությունների հետ։

4. Այսրկովկասում Ռուսաստանին անհրաժեշտ էր քաղաքական մի ուժ, որի վրա հենվելով պիտի իրականացնի իր արևելյան քաղաքականությունը։ Որպես այդպիսի ուժ Այսրկովկասում հանդես էին գալիս Վրաստանը, Սյունիքի և Արցախի մելիքությունները։

5. Չպիտի թերագնահատել նաև ցարական իշխանությունների, մանավանդ Պետրոս Առաջինի հակաթուրքական տրամադրությունը։ Տակավին իննսունական թվականների վերջին, ուղևորվելով