Էջ:Artcakh history.pdf/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ մելիքների գաղտնի խորհրդակցությունը։

Ընդունելի է Բագրատ Ուլուբաբյանի այն կարծիքը, ըստ որի Անգեղակոթի ժողովին հրավիրված են եղել նաև Ղարաբաղի մելիքները։

Պատահական չէ, որ առաջին 1699թ. թղթի տակ ժողովատեղ էր հիշատակված Անգեղակոթը, իսկ վերջին բոլոր թղթերի գրության տեղ է նշված Աղվանք գավառը, որ նշանակում է Արցախ։ Վերոհի­շյալ կարծիքի օգտին է խոսում նաև մեկ այլ փաստ։ Հայտնի է, որ Անգեղակոթի ժողովից հետո Օրին,վերադառնալով Դյուսելդորֆ՝ Կյուրֆուրստին հանձնած զեկուցագրում Իրանի դեմ մղվելիք առաջիկա պատերազմում 2-3 հարյուր հազարի էր հասցնում ռազմունակ հայերի թիվը, թեև փաստորեն միայն 5000 մարտիկներով էր նրանց մասնակցությունը խոստանում Երևանի առման համար մղվելիք մարտերին։ Ըստ երևույթին, Օրին ի նկատի ուներ Խամսայի 5 մելիքների հազարական զինական ուժը։

Անգեղակոթի ժողովը որոշում կայացրեց հատուկ նամակ ու­ղարկել Պետրոս առաջինին՝ խնդրելով աջակցել հայերին ազատվելու անհավատների ծանր լծից356։ Ապա նամակում ասվում է. «մեր մտադրությունն է, որպեսզի մենք և մեր բոլոր ժողովուրդները, մեծ թե փոքր, հանձնվենք ձերդ մեծության իշխանությանն ու կառավար­մանը… և խոստանում ենք մեր կյանքն ու մեր ամբողջ ունեցվածքը ի ծառայություն ձերդ մեծության և այս գործի»357։ Հայ ժողովուրդը վստահ է, այնուհետև ասվում էր նամակում, որ գալու է. «Մոսկվայի տնից ոմն իշխան, Ալեքսանդր Մեծից էլ քաջ մեկը, որը վերցնելու է Հայոց թագավորությունը և ազատելու է քրիստոնյաներին»358։

Իսրայել Օրին մեծ ակընկալիքներ ուներ Արցախի մելիքներից։

1701թ. Մոսկվայում իշխան Գոլովինի հետ ունեցած զրույցում ակնարկում է, որ Մեծ Հայքում կա հինգ նահանգապետ, որոնք ռու­սական զորքերի մոտենալու դեպքում «24 ժամ էլ չի անցնի, որ նրանք կքշեն անհավատներին և 15 օր էլ չանցած, կտիրեն ամբողջ երկրին»359։ Անգեղակոթի ժողովը լիազորագիր և մելիքների կողմից ստորագրված, բայց չգրված թուղթ տվեց Իսրայել Օրուն, նրան լիազորելով իրենց անունից դիմումներ գրել։ Հետագայում, Մոսկվայում Օրին այդ իրավասու թղթերը օգտագործում է։ Այս առթիվ Ա.Հովհաննեսյանը