Էջ:Artcakh history.pdf/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի մելիքների անունից դիմեց Պետրոս Առաջի­նին՝ խնդրելով նրանց վերցնել Ռուսաստանի հովանավորության տակ «…Յառաջ քան զայս առաքեալ ի քումմ է թագավորութեն Իսրայէլ Օրի դեսպանն եկն երկիրս Հայոց և զհամբավ բարեյաղթութեանդ սփռեալ տարածեաց ի լսելիս մեր ամենեցուն…: Իսկ այժմ կրկին առաքեալ ի մեծէ թագավորութենեդ եղբայրս մեր զՄինաս վարդապետս, որ ի յազգէ մերմէ, եկն եհաս երկիրս մեր և առ մեզ և զբարի և աստուահաճոյ մեզ, և մեր լսելով զուարճացաք և ցնծուցաք ի հոգի և ի մարմին և յօժար սրտիվ կամիմք ընդ հովանեավ թևոց քոց լինիլ… մեք պատրաստք եմք ընդ առաջ քո ըստ իմուն կարողութեանս և մեր նահանգիս մէլիքովս և մեծամեծովք և փոքումբք և յորժամ կամեսցի հզօր և մեծ թագավորդ յաճապարել այսր կամօքն աստուծոյ…»363։

Այսպիսով, երկարատև փնտրտուքից հետո 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարի սկզբներին Գանձասարի կաթողիկոսների և Արցախի մելիքների ջանքերի շնորհիվ հայ իրականության մեջ առաջացած ազատագրական ձգտումները կողմնորոշվում էին Ռուսաստանից հայ ժողովրդի ունեցած ակնկալությունների օգտին։

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՔՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրության հարցը դարձավ հայկական դիվանագիտության առանցքը։ Հայտնի է, որ դրա արդյունքն է նաև 1722-30թթ. Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան հարյուրապետի և Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորած ազատամարտը Սյունիքում և Արցախում։

Վերոհիշյալ ժամանակահատվածում Այսրկովկասը Ռուսաստանին միացնելու հարցը ռուսական դիվանագիտության համար ձեռք բերեց հատուկ նշանակություն։ Այս ընթացքում կառավարական շրջանակներում առաջ էին քաշվում դեռևս Պետրոս Առաջինի օրոք կազմված մերձկասպյան արշավանքների ծրագրերի իրագործման նախագծերը, որտեղ նորից առաջնային դերակատարություն էր վերապահվում Արցախի մելիքներին։ Իբրահիմ խանից հալածական մելիքների մոտ դեռևս կենսունակ էր հյուսիսի մեծ