Էջ:Artcakh history.pdf/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթողիկոսը հիշեցնում էր, թե «առանձնապես ջանադիր են մելիք­ները, առավել ևս Արցախի մելիքները՝ լինելով անկախ, ինքնիշխան, ունեին բավական թվով զորք և պարենի տեսակետից էլ, հավատացած են, ձերդ վսեմ գերազանցությանն են հասցրել»368։ Ռուսական արքունիքը փորձում էր Արցախի մելիքությունները ապագա Հայաստանի քաղաքական հիմքը դարձնել, իսկ մելիքներից մեկին կարգել հայոց պետության թագավոր։ Այդ առթիվ 1783թ. ապրիլի 6-ին Գ.Ա.Պոտյոմկինը հրահանգ է տալիս Պ.Ս.Պոտյոմկինին. «Շուշիի Իբրահիմ խանին պետք է հեռացնել, որովհետև դրանից հետո Ղարաբաղը կկազմի բացի Ռուսաստանից ոչ ոքից կախյալ հայկական նահանգ։ Դուք այդտեղ օգտագործեք ամեն ջանք, որպեսզի այս նոր նահանգը կազմակերպի ժողովրդի համար առավել նպատակահարմար ձևով։ Դրանով հայկական այլ խոշոր նահանգներ ևս կհետևեն նրա օրինակին կամ մեծ քանակությամբ կգան Ղարաբաղ»369։

Զարգացնելով և կարևորելով այս գաղափարը Գ.Ա. Պոտյոմկինը 1783թ. մայիսի 19-ին Եկատերինա 2-ին ուղղված զեկուցագրում ասում է. «Չունենալով դեռևս ձերդ կայսերական մեծության հրամանը ես կարգադրություն եմ արել գեներալ պորուչիկ Պ. Պոտյոմկինին Շուշիի Իբրահիմ խանի մասին, որը կմոտեցնի նրա հնազանդությունը։ Այստեղ հարկ է նախատեսել, որպեսզի հարմար առիթով նրա նահանգը, որը բաղկացած է հայ ժողովուրդից տրվի ազգային կառավարման և դրանով իսկ վերականգնվի Ասիայում քրիստոնեական պետություն, ձեր գերագույն կայսերական մեծության խոստումների համաձայն՝ տրված իմ միջոցով հայ մելիքներին»370։

Դեպքերի հետագա զարգացումը, ապացուցեցին, որ ռուսական արքունիքը ըստ էության, ոչ մի նպատակ չուներ Խամսայի մելիքու­թյունների հիմքերի վրա վերականգնել հայկական պետականու­թյունը։ Պարզապես երկդիմի քաղաքականությամբ փորձում էր ստանալ հայերի համակրանքն ու առանց պատերազմի իրեն ենթարկեցնել Իբրահիմ խանին։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները լավ էին հասկանում, որ առաջ քաշելով անկախ Ղարաբաղի գաղափարը, այդ ճանապարհով