Էջ:Artcakh history.pdf/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուրքական սուլթանին ուղղված խնդրագրում նա ասում է. «Ամենապայծառափայլ բարձրյալիդ զեկուցում եմ, որ պատվիրակն եմ դարձնում ինձ վսեմագույն Դռան, որտեղ հենց հրեշտակներն են ապրում և նրանից են հորդում առատություններն անծայր, քան ծո­վը, ամբողջ իմ կյանքը, կարողությունը, հողերն ու ժողովուրդները ոտքի փոշին են փոխանորդի մեր մեծ մարգարեի։ Ողորմագութ տեր, …քեզանից օգնություն եմ սպասում և եթե զորացնենք մեզ, ապա մեր օրենքի թշնամիներին մենք գլխիվայր գդնենք»374։ Չմոռանալով Պավել Պոտյոմկինին հայտնել, թե ինքը վաղուց ի վեր ցանկություն է ունեցել դառնալու «ամենամեծաշուք Ռուսական գահի և անսպառ առատաձեռնությամբ գահակալող կայսրուհու հավատարիմ ու հաճակատար ստրուկը»375։

Դիվանագիտական քայլերի հետ միաժամանակ Իբրահիմ խանը եռանդուն նախապատրաստվում է Ռուսաստանի հնարավոր առաջխաղացումը կանխելու համար։ Այդ նպատակով նա հիմնում է Ասկերանի բերդը, միաժամանակ մելիքներից աշխատուժ պահանջում Շուշի բերդաքաղաքի պարիսպները անմատչելի դարձնելու համար։

Ռուսական արքունիքի քաղաքական վայրիվերումներն ու հակասական դիրքորոշումը ողբերգական է դառնում Արցախի հայու­թյան համար։ Որերորդ անգամ ռուսական օգնության խոստումներից խրախուսված, նրանք ըմբոստանում են խանի դեմ։ Խանն էլ առերես հպատակություն հայտնելու ճանապարհով, նույն ռուսական իշխանություններից իրեն ապահովագրած, դաժանորեն ճնշում, կողոպ­տում էր հայերին, քայքայում մելիքների ուժերը։ Արցախահայությունը ապրում էր նմանօրինակ տագնապալից օրեր, երբ սկսվեց Աղա Մուհամմադ խանի արշավանքը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ 18-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ։ 18-րդ դարի վերջերին գահին տիրելու համար Իրանում նորից պայքար սկսվեց։ 1794թ. թուրքական ծագում ունեցող Կաջարների ներկայացուցիչ ներքինի Աղա Մուհամադ խանը իրեն շահ է հռչակում, որից հետո եռանդուն գործունեություն ծավալում Իրանի տի­րապետությունը Այսրկովկասի վրա վերահաստատելու և ռուսների առաջխաղացումը կանխելու համար։ Շուտով նա պահանջ ներկայացրեց