Էջ:Artcakh history.pdf/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օգտվելով առիթից, որ Խորասանում բռնկված խլրտումները ճնշելու համար Պարսկաստան է ճանապարհվել Աղա Մուհամմադը, 1796թ. գարնանը ռուսական արքունիքը գործնականորեն նախա­պատրաստվում է արշավանքի։ Ռուսական էքսպեդիցիոն կորպուսը գլխավորելու էր կոմս Վալերիան Զուբովը։ Վերջինիս Եկատերինա կայսրուհու խնդրանքով ուղեկցում էր արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը որը քաջատեղյակ էր Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող քաղաքական կացությանը։

1796թ. մայիսի 10-ին ռուսները գրավում են Դերբենդը։ Ռուսական զենքի համար արշավանքը սկզբից ևեթ բարեհաջող էր։

Շուտով ռուսներին են հանձնվում նաև Ղուբան, Շամախին ու Բաքուն381։ Ռուսական զորքերի այս հաջողությունները պայմանավորված էին նաև այդ վայրերի հայերի աջակցությամբ։ Հովսեփ Արղությանի կոչով ամենուր ստեղծվում են կամավորական ջոկատներ։Ռուսական իշխանությունները Այսրկովկասի քրիստոնյաներին ոգևորելու նպատակով հայտարարվել է, որ պատերազմական ձեռնարկության ամենագլխավոր նպատակն էր՝ «վերականգնել Հերակլի իշխանությունն իր կալվածքներում, հայ մելիքներին և նրանց հպատակ Ղարաբաղի բնակիչներին դնել միմիայն Ռուսաստանից կախված դրության մեջ»382։

1796թ. աշնանը կոմս Վ․Զուբովը համալրում է ստանում և հոկ­տեմբեր ամսին մի զորաջոկատ՝ գեներալ Ս․Մ․ Ռիմսկի-Կորսակովի հրամանատարությամբ ուղարկում Գանձակի վրա։ Քաղաքը գրավելուց հետո նրանք պետք է միանային ռուսական հիմնական ուժերին և հասնեին Կուր ու Արաքս գետերի խառնվելու վայրը։ Հովսեփ Արղությանը այնուհետև խորհուրդ է տալիս «անցնել Կուր գետը և, կանգ առնելով Մուղանի դաշտում, հրաման տալ Շուշու Իբրահիմ խանին, որ նա ինքը գա ձերդ պայծառափայլության մոտ կամ գոնե ուղարկի իր ավագ որդուն հայ մելիքների հետ։ Ձերդ պայծառափայլության այդ հրամանի կատարումը կդառնա Իբրահիմի դեպի Ռուսաստանն ունեցած հավատարմության և ջերմեռանդության ապացույց։ Այնտեղ բոլոր կարևոր գործերը վերջացնելուց հետո կարելի է անարգել գնալ Թավրիզի կամ Արդեբիլի վրա, ուր որ ավելի հարմար կդիտվի։ Իսկ հիշյալ Իբրահիմ խանից անհրաժեշտ է պահանջել