Գրերի գյուտը հայոց բազմադարյան պատմության մի նոր դարաշրջանի սկիզբ հանդիսացավ։ Մեսրոպ Մաշտոցը իրական հնարավորություն ընձեռնեց հայ ժողովրդին մշակույթի համաշխարհային գանձարանը մուծել իր հանճարի գոհարները։
Հայերեն նշանագրեր ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը, ինչպես ասում է Խորենացին, «բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց»395։
Գիտակցելով այդ մեծ գործի նշանակությունը, Մաշտոցը թողնելով Վաղարշապատը, հեռանում է երկրի առավել խուլ և հետամնաց շրջանները գրագիտություն տարածելու։
Սկզբնական շրջանում Մաշտոցը լայն գործունեություն է ծավալում Գողթան գավառում, Սյունիքում, ապա տեղափոխվում է Արցախ։ Հայտնի է, որ նա 5-րդ դարի սկզբներին Հաբանդ գավառի Ամարաս վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը, որը կարևոր դեր է խաղացել Հայոց Արևելից կողմերում հայ գրերի տարածման գործում։
Այնուհետև Մաշտոցը անցնում է Դիզակի Ցոր բնակավայրը, այստեղից ավանդական Պանդալեոն բժշկի ուխտատեղու վրայով տեղափոխվում երկրամասի արևմտյան մասում գտնվող Մեծառանք և Մեծկվենք գավառները։ Այստեղից իր աշակերտների հետ միասին իջնում է Արցախի դաշտային մասը, իրենց քարոզչական, լուսավորչական առաքելությամբ հասնում Ուտիքի Գիսավանը, որը Հայոց Արևելից կողմերի երկրորդ նշանավոր սրբավայրն է։
Հարկ է նկատել, որ բազում դարերի ընթացքում Ամարասը ավերիչ ասպատակությունների է ենթարկվել։ Չնայած դրան այստեղ երկար ժամանակ անընդմեջ գործել է դպրոց։ Հետագա ժամանակներում Արցախում լուսավորական, դպրոցական կյանքը աշխույժ