Էջ:Artcakh history.pdf/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

է Անի քաղաքը, այնտեղ բացում դպրոց, որտեղ կրոնական առարկաներից բացի դասավանդվել են երկրաչափություն, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտու­թյուն և բնագիտական այլ առարկաներ։

Հովհաննեսի դպրոցի և նրա անխոնջ տնօրենի հռչակը շատ արագ տարածվում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վրաց Դավիթ թագավորը, հայտնում է պատմիչը, «սիրում էր հայ ժողովրդին, (հայկական) եկեղեցիները, և Հաղբատի հռետոր մի վարդապետի, որի անունն էր Սարկավագ, նրան էր խոստովանում իր հանցանքները և խոնարհելով իր պատվական գլուխը, ստանում էր նրա օրհնությունը»399։

Հովհաննես Իմաստասերը, մանկավարժական աշխատանքին զուգընթաց, գիտական հետազոտություններ է կատարել տոմարի(նրա անվան հետ է կապված հայկական շարժական տոմարը անշարժ դարձնելու իրողությունը), տիեզերագիտության, փիլիսո­փայության, պատմության վերաբերյալ, գրել է բանաստեղծություններ, հմտացել է նաև երաժշտական հնչակարգի հարցերում։ Հով­հաննես Իմաստասերը գիտությունը հարստացրեց երևույթների և իրողությունների հետազոտման՝ փորձաքննական մեթոդով։ Միաժամանակ նա եկավ այն եզրակացության, ըստ որի բավական չէ նվաճումների յուրացումը, պետք է կարողանալ զարգացնել դրանք։ Դա, ըստ էության, գիտությունը առաջ մղող նոր մեթոդի առաջադ­րումն էր։

XII-XIIIդդ ծաղկում էր ապրում Նոր Գետիկի կամ Գոշավանքի վարդապետարանը։ Դա կապված էր խոշոր իրավաբան, մատենագիր և ուսուցչապետ Մխիթար Գոշի անվան հետ։ Սկզբում նա դպրոց է բացում Կարինում, Գանձակում, այնուհետև Հաթերքի Վախթանգ իշխանի հովանավորությամբ՝ Խաչենում։ Այստեղից տեղափոխվում է Գետիկ վանքը, որը 1191 թ. երկրաշարժի պատճառով ավերվում է։ Զաքարե իշխանի օժանդակությամբ Մխիթար Գոշը մերձակա Տանձուտ ձորում հիմնադրում է նոր Գետիկի վանքն ու վարդապետարանը։ Այստեղ են ուսում ստացել հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ Վանականը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։

Մոնղոլական արշավանքների հետևանքով մշակութային կյանքի