Էջ:Artcakh history.pdf/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առանց փաստերի և իրողությունների մեկնաբանության ադրբեջանցի «գիտնականները» վերոհիշյալ երկու պատմիչին էլ վերագրում են աղվան ծագում, իսկ նրանց երկը համարում Ադրբեջանի պատմության շարադրանք։

Արցախում և Ուտիքում հայ պատմագրությունը նոր փայլով ու որակով հանդես եկավ։ Հանդես եկան պատմիչների մի բույլ, որոնք հարցերին ինքնատիպ և բազմաբովանդակ մոտեցմամբ ու ընդգրկումով գերազանցում էին նախորդ շրջանի պատմիչներին։

Վանական վարդապետը իր ժամանակաշրջանի հայ պատմագրական դպրոցի հիմնադիրն է։ Ծնվել է 1181-ին Ուտիքի Տավուշ գավառում։ Նրա հիմնած Խորանաշատի դպրոցում ուսանել են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին։

1236թ. Վանական Վարդապետը իր աշակերտների հետ միասին գերվում է մոնղոլների կողմից, հետո Գագ բերդի բնակիչների հանգանակած միջոցներով փրկագնվում և շարունակում է իր գիտալուսավորչական գործունեությունը։ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Վանականը գրել է իր ապրած օրերի և հատկապես մոնղոլոկան նվաճումների պատմությունը, որ դժբախ­տաբար մեզ չի հասել։

Վանական Վարդապետը գրել է և պահպանվում են աստվածաբանական բազմաթիվ գործեր՝ «Մեկնութիւն Յոբայ», «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի», «Համեմատութիւն Հին կտակարանաց ի Նորս», «Խրատ դավանութեան», որոնցում պաշտպանում է Հայոց եկեղեցու սկզբունքները։

Նրա «Հարցմունք և պատասխանիք» ժողովածուն, միջնադարյան Հայաստանի դպրոցներում օգտագործվում էր որպես ուսումնական ծրագիր։

Վանական Վարդապետը վախճանվել է 1251թ. մարտի 18-ին իր կտակի համաձայն՝ թաղվել Խորանաշատի մերձակայքում եղած չքավորների գերեզմանոցում։

Կիրակոս Գանձակեցին հայ պատմագրության փայլուն ներ­կայացուցիչներից է։ Նա դեռևս իր ժամանակակիցների կողմից գնահատվել է որպես ռաբունապետ։

Կիրակոս վարդապետը ծնվել է 1202 կամ 1203թ. Գանձակում։