Էջ:Artcakh history.pdf/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գանձակեցին բավականին լայն տեղ է հատկացրել հայ ժողովրդի՝ այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական, իրավա-հասարակական պայմաններին և հոգևոր-մշակութային երևույթներին։

Իր պատմությունը շարադրելիս Գանձակեցին շատ ու բազմազան աղբյուրներ է օգտագործել։ Գրեթե առանց բացառության դի­մել է բոլոր նախորդ հայ մատենագիրներին, լայնորեն օգտվել է անցյալի և իր ժամանակի վիմագրական աբյուրներից, հայ թարգմանական գրականությունից, ինչպես նաև հայ բանահյուսությունից ու բանավոր-ժողովրդական զրույցներից և ականատեսների վկայություններից։ Այդ ամենը նա անց է կացրել քննական իր մաղով։ Պատահական չէ, որ նրան համարել են «Մովսես Խորենացու հետևորդն ու Ստեփաննոս Օրբելյանի նախորդը»413։

Կիրակոս Գանձակեցու երկը ժամանակաշրջանի պատմության ստուգապատում սկզբնաղբյուր է ոչ միայն հայագիտության, այլև ընդհանրապես կովկասագիտության ու արևելագիտության համար։

Մատենագիր, փիլիսոփա, աշխարհագրագետ, գրող, թարգմանիչ, մանկավարժ և ազգային-հասարակական գործիչ Վարդան Արևելցին ծնվել է XIIդ. վերջերին Գաձակի կողմերում։

Նա սկզբում ուսանել է Մխիթար Գոշի մոտ Նոր Գետիկ վանքում, այնուհետև հիմնարար կրթություն է ստացել Խորանաշատ վանքում՝ ուսուցչապետ ունենալով Վանական Վարդապետին։ Փայլուն գիտելիքներ ստանալուց հետո նա Կայենա բերդի ս.Անդրեյի վանքում հիմնել է դպրոց։ Մանկավարժական լայն գործունեություն է ծավալել Հաղբատի վանքում։ Կոստանդին Բարձրաբերդցի կաթողիկոսի հորդորանքով մի ժամանակամիջոց ապրել է Կիլիկիայում։ Այստեղ նա մասնակցել է հայոց եկեղեցու գաղափարական հիմքերի ամրապնդմանը, պայքարելով Բյուզանդիայի և Հռոմի հայակուլ քաղաքականության դեմ։

Վարդան Արևելցին կյանքի վերջին մեկ և կես տասնամյակը անց է կացրել Խոր Վիրապի վանքում, որտեղ հիմնել է միջնադարյան բարձրագույն դպրոցներից մեկը։ Վարդան Արևելցուն տարբեր վայրերում աշակերտել են հայ մշակույթի ականավոր գործիչ­ներ Հովհաննես Պլուզ Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Գրիգոր Բջնեցին։