Էջ:Artcakh history.pdf/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդան Արևելցին սերտ հարաբերություններ ուներ Հուլավու խանի հետ և նրա միջոցով շատ թե քիչ կարողացել է մեղմել իր հայրենակիցների ծանր վիճակը։

Վարդան Արևելցին մեզ է թողել ծավալուն մեկնաբանական աշ­խատություններ՝ «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն երկոտասան մարգարեիցն», «Մեկնութիւն երգոց երգույն Գրիգոր Նարեկացւոյ», «Մեկնութիւն Դանիելի», «Մեկնութիւն Հնգամատենին», որոնց մեջ արտացոլված են աստվածաշնչային գաղափարներ, բնափիլիսոփայական, սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցեր, մշակութային կյանքին առնչվող խնդիրներ։

Վարդան Արևելցին հեղինակել է «Ժղլանք» (ժղլել նշանակում է մանր մունր գիտելիքների, զանազան անցուդարձերի ու երևույթնե­րի մասին զրուցել) ժողովածուն, որտեղ քննարկվում են բնության, հասարակության վերաբերող բազմապիսի հարցեր։ Վարդան Արևելցու «Աշխարացոյց»-ը Անանիա Շիրակացու համանուն երկից հետո տվյալ բնագավառում իր նշանակությամբ երկրորդն է։ «Աշխարացոյց»-ի մեջ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում տվյալ ժամանակի Հայաստանի աշխարհագրական վիճակի, վարչա-տարածքային բաժանումների, հարևան երկրների մասին։

Վարդան Արևելցու ամենանշանավոր գործը «Հավաքումն պատմութեան» կամ «Պատմութիւն տիեզերական» աշխատու­թյունն է։ Այն հայ պատմագրության մեջ տիեզերական կամ ընդհանուր պատմություն շարադրելու երկրորդ փորձն է։ Նա օգտագործել է բազմապիսի աղբյուրներ՝ հայ մատենագիրների աշխատությունները, վիմական արձանագրություններ, ժողովրդական պատումներ, այդ թվում նաև քաղդեական, ասորական, պարսկական զրույց-առասպելներ։

Վարդան Արևեցին հայոց պատմությունը սկսում է բաբելոնյան աշտարակաշինությունից, Հայկից ու Բելից և հասնում մինչև XIIդ. դեպքերը։ Պամիչը միաժամանակ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայ և այսրովկասյան ժողովրդների, Կիլիկիայի հայկական պետության, պարսիկների, բյուզանդացիների, արաբների, սելջուկների, խաչակիրների, մամլուքների, մոնղոլների և թուրքմենական ցեղերի պատմական անցյալի մասին։