Էջ:Artcakh history.pdf/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավել բեղմնավոր է եղել Ծարա իշխանական տներից մեկի՝ Ջհանշահանց տոհմի ներկայացուցիչ Հովհաննեսիկ Ծարեցու գոր­ծունեությունը։ Նա ծնվել է 1560թ. Ծարում։ Հիմնավոր կրթություն ստանալով Դադի վանքում ռաբունապետ Ներսես Գնունեցու մոտ, հարազատ միջավայրում էլ ձեռնամուխ է լինում հին ձեռագրերի նորոգման և նորերի ստեղծման գործին։ Հովհաննեսիկ Ծարեցու թո­ղած գրական-պատմագիտական ժառանգության ամենանշանակալիցը «Յովհաննիսիկ վարդապետի համառոտ պատմութիւն անցից անցելոց ի վերին կողմանս Հայաստանի ըստ կարգի ժամանակագրութեան» աշխատությունն է414։

Այստեղ ներկայացված է 1572թ. մինչև 1600թ. ընկած ժամանակահատվածը հյուսիս-արևելյան Հայաստանի պատմությունը։ Ժամանակագրության մեջ մանրամասն պատմվում են թուրք-պարսկական պատերազմների և դրան հաջորդած սովի ու մահտարժամի մասին։

Այդ ամենի հետ մեկտեղ Հովհաննեսիկ Ծարեցու գլխավորու­թյամբ Գեղամա գավառում կառուցվում է Աստվածածին եկեղեցին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ժրաջան և հայրենասեր այս գործիչը մահացել է 1621-1623թթ. միջոցին։

Եսայի Հասան Ջալալյան՝ մեծանուն այս տոհմի արժանավոր զավակի զորավարական տաղանդի և հոգևոր առաջնորդի առաքելությանը անդրադարձել ենք գրքի նախորդ էջերում։ Բազմազբաղ հայրենասեր կաթողիկոսը անջնջելի ծիր է թողել նաև պատմագիտության բնագավառում։ Իր «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհի Աղուանից ի թուականի հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Հիսուսի 1711» (հրատարակվել է Շուշիում 1839թ.) կամ ավելի շատ ընդունված «Պատմութիւն համառոտ Աղուանից երկրի» (1868թ. լույս է տեսել Երուսաղեմում) վերտառությամբ երկասիրության մեջ ականատեսի և դեպքերի մասնակցի անաչառ գրիչով, կենդանի ու ճշմարիտ գույներով ներկայացրել է XVIIIդ. առաջին քառորդի հայ ազատագրական շարժման պատմությունը։ Դժբախտաբար Եսայի կաթողիկոսի պատմության ամբողջական բնագիրը մեզ չի հասել։ Րաֆֆին այդ առթիվ գրել է «Եսայի կաթողիկոսի պատմության իսկականը շատ ընդարձակ է