Էջ:Artcakh history.pdf/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կոչվել է քրիստոնեության առաջին քարոզիչներից մեկի՝ Խադ եպիսկոպոսի անունով։ XIIդ. վանական համալիրը ավերվեց երկրաշարժի և սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ Վանքը վերստին վեր հառնվեց Հովհաննես Ա. վարդապետ Խաչենցու ջանքերի շնորհիվ։ 1204թ. նա ավարտեց գլխավոր տաճարի կառուցումը։ Հովհաննեսի եղբայր՝ Ծարա երկրի տեր Հասան իշխանը իր մոր՝ Շուշիկի հետ 1215թ. կառուցեցին ս. Կարապետ եկեղեցին, իսկ իշխանուհի Դոփը ամուսնու մահվանից հետո այն 1225թ. լրաց­րեց գավիթի շինարարությամբ, ամբողջական տեսքի բերելով վանական համալիրը։

Հարկ է նշել, որ Հովհաննես Ա Խաչենցու անվան հետ է կապված Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու և նրա գավթի (1181թ.) կառուցու­մը, Կաթողիկե տաճարի վերակառուցումը (1184թ.), Հաղբատի վանքի գավթի կառուցումը և ս. Գրիգորի եկեղեցու վերակառուցումը։

IX-XIII դարերում ստեղծվեցին ճարտարապետական մեծար­ժեք շինություններ։ Հաջորդաբար կառուցվեցին Թարգմանչաց վանքի համալիրը (989թ.), Հաղարծնի ս. Աստվածածին(1071թ.), Մակարավանքի ս.Աստվածածին (1198թ.), Նոր Վարագա վանքի ս․Նշան (1190-1200թթ.), Մորոյ Ձորոյ (1213թ.), Վարանդայում՝ Կարմիր կոչվող(1221թ.), Գոշավանքի (1191-1241թթ.), Դադի վանքի կաթողիկեն(1214թ.), Գանձասարի Հովհաննես Մկրտիչ (1216-1238թթ.), Խորանաշատի Կաթողիկեն (1211-1222թթ.), Գոշավանքի (1191-1214թթ.), Գտչավանքի գլխավոր եկեղեցին(1241-1248թթ.), Հաղարծնի Առաքելոց (1240-1245թթ), Բռի եղցի համալիրը (1230-1270թթ.), Սուլոկի(1279թ.), Ծարա ս. Աստվածածին (1301թ.) եկեղեցիները, որոնցից յուրաքանչյուրը ճարտարապետական յուրօրինակ հրաշագործություն է։

Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվում է Գանձասարի վանական համալիրը։ Գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ գեղատեսիլ սարի գագաթին։ Գանձասար է կոչվում, որովհետև հնում այստեղ գոյություն ունեին արծաթահանքեր։ Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից, տնտեսական շինություններից և երկհարկանի դպրոցական