Էջ:Artcakh history.pdf/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի շենքից։ Այդ ամենը շրջապատված էր պարիսպներով։

Մատենագիտական տեղեկությունները վկայում են, որ IX-Xդդ. այստեղ եկեղեցի է եղել։

Ավանդությունը պատմում է, որ Խաչենի գահերեց իշխան Հասան Ջալալը Հովհաննես Մկրտչի գլուխ-նշխարը ամփոփում է Գանձասարում՝ իրենց տոհմական գերեզմանատանը, որի վրա էլ 1216–1238թթ. Կաթողիկե եկեղեցի է կառուցում և այն կոչում սրբի անունով։ Դարեր շարունակ տաճարը այդպես էլ մնում է մի անգերազանցելի հրաշագործություն։ Բյուզանդական ճարտարապետու­թյան պրոֆեսոր Շ. Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հինգ շինություններից Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցուց, Էջմիածնի Հռիփսիմե տաճարներից հետո երրորդ տեղը վերապահել է Գանձասարին420։

Իսկ ռուս գիտնական Ա. Յակոբսոնը այն համարում է միջնադարյան ճարտարապետության «հանրագիտարան», «մարգարիտ»421։

Իր նշանակությամբ Արցախի երկրորդ նշանավոր վանական համալիրը Դադի կամ Խութավանքն է։ Հաթերքից վեր, Տրտու-Թառթառ գետի ձախ ափին, մի բլրակի կամ խութի (որից էլ ստացել է Խութա վանք) վրա փռխած է վանական համալիրը։ Ավանդության համաձայն, այն միաժամանակ Դադիվանք է կոչվել Թադևոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ Դադիի անունից, որի շիրիմի վրա առաջին դարում եկեղեցի է շինվել422։ Վանքը, լինելով առաջնորդական կենտրոն, դրսեկ զավթիչների համար աչքի փուշ է եղել և բազմաթիվ անգամ ավերել են այն։ Սակայն հայության հոգևոր այս կենտրոնը ամեն անգամ էլ ժողովրդի ջանքերով նորից վեր է հառնել։ Ցայսօր պահպանվել է Դադի վանքի զանազան նշանակության 30 կառույցներ։ Համալիրի զարդն է համարվում կաթողիկե եկեղեցին։ Այն հիմնադրվել է 1214թ. Հաթերքի իշխան Վախտանգի տիկնոջ՝ Արզու-Խաթունի ջանքերով։ Վանքի շրջակայքում գտնվում են 5 մատուռներ, երկուսը կանգուն, իսկ ե­րեքը՝ կիսավեր։

Չնայած հետագա դարերում թրքախոս ցեղերի չընդհատվող հոսքին և դժնդակ պայմաններին, Արցախում եկեղեցաշինությունը դադար չունեցավ։ XV-XVIII դարերում կառուցված եկեղեցիները