Էջ:Artcakh history.pdf/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքիր որմնանկարներ են պարունակում Իջևանի շրջանի Ս.Առաքելոցվանքը (XIII դար) և Առաջաձորի փոքրիկ եկեղեցին (XIII դար)։ Այստեղ ավագ խորանում նկարված են տարբեր տիպի երկու եկեղեցիներ։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները (XIII դար)։ Նկարները մնացել են հյուսիսային և հարավային պատերի վրա։

Հյուսիսային պատի վրա ներկայացված է մի քայլող անձնավորություն։ Նրա մոտ մի երկրորդ անձնավորություն է։ Նույն պատի վրա նկարված է Հիսուսի ծնունդը։ Հարավային պատի տեսարանն էր՝ Աստվածածին։

«Հարավային պատի վրա պատկերված է Սուրբ Նիկողայոս Հրաշագործին Քրիստոսի կողմից վեղարի և Մարիամ Աստվածածնի կողմից թիկնոցի հանձնման մեծամասշտաբ տեսարանը, իսկ հյուսիսայինի վրա՝ Ստեփանոս սարկավագի քարկոծման տեսարանը(գտնվում է պատի աջ մասում)։ Նիկողայոս Հրաշագործի պաշտամունքը տարածում չունենալով Հայաստանում՝ անգամ ուշ միջնադարում, ու նաև վերջինիս ի հայտ գալը ևս պետք է, որ առանձնահատուկ պատճառ ունենար»432։

Որմնանկարի հետքեր են պահպանվել նաև Ծիծեռնավանքում։ Մշակութային կյանքի բոլոր բնագավառների համաչափ աշխուժացման պայմաններում վերելք է ապրում նաև դեկորատիվ կիրառական արվեստը։

Այս բնագավառի մի առանձին ճյուղ է կազմում գորգագործու­թյունը։ Արցախում այն լայնորեն տարածված է եղել դեռևս միջնադարում։ Մովսես Կաղանկատվացին տակավին VII դարում, խոսե­լով մետաքսահյուս ու կերպաս դիպակների, ոսկու ու արծաթի ընտրելագույն կահույքի ու սպասեղենի մասին, հիշում է Արցախի գույ­նզգույն կարպետները։

Արարական աղբյուրները հիացմունքով են խուսում Հայոց Արևելից կողմանց արհեստավորների աշխատանքի մասին։ Ալ Մաքսուդին գրում է, որ այդ երկրում արտադրած պաստառների և գորգերի, որդան կարմիրի, ծածկոցների ու ներկերի նմանը ինքը ոչ մի տեղ չի տեսել433։